Ռուբեն Վարդանյանը Բաքվում կայացած «դատի» ժամանակ խնդրել է ծանոթանալ «գործին» վերաբերող փաստաթղթերին

Բաքվում կայացած «դատական» նիստի ժամանակ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը խնդրել է ծանոթանալ «քրեական գործին վերաբերող որոշակի փաստաթղթերին, այդ թվում՝ հարցաթերթիկներին»։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վարդանյանն այս հայտարարությունն արել է «տուժողների ցուցմունքի» ընթերցման ժամանակ։ Դատավորը, ըստ դրանց տեղեկությունների, հայտարարել է, որ շաբաթվա ընթացքում Վարդանյանի համար նշանակված փաստաբանը կարող է ծանոթանալ փաստաթղթերին։

Հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 9-ին։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։

Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսա Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:

Leave a Comment