Փաշինյանը հերթական գրառումը պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցման մասին հանրային քննարկման առարկա է դարձել։
«301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ Կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10։55-ին, բոլոր եկեղեցիներում ճիշտ կլինի կատարել Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,– այս հայտարարությամբ իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը՝ մի օր առաջ Գյումրի քաղաքի Յոթ Վերք եկեղեցում «կեղծ պատարագի» մասնակցությունից հետո։
Այս ձևակերպումը դժգոհություն է առաջացրել ինչպես հոգևորականների, այնպես էլ ոլորտային փորձագետների շրջանում։ Նրանց դիտարկմամբ, խոսքում առկա է ակնհայտ պատմական սխալ. 301 թվականին Հայաստանը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, սակայն Հայ Առաքելական եկեղեցին այդ պահին չէր «ստեղծվել»։ Քրիստոնեությունը Հայաստանում տարածվել է արդեն 1-ին դարից, իսկ 301 թվականին Գրիգոր Լուսավորիչը ձևավորել է եկեղեցական կառույցը՝ Տրդատ III թագավորի թույլտվությամբ։
Փորձագետների մի մասը ուշագրավ է համարում Փաշինյանի գրառման ենթատեքստը։ Ըստ նրանց՝ եթե ՀԱԵ-ն ներկայացվում է որպես պետության կողմից ստեղծված արհեստական կառույց, ապա նմանվում է աղանդի, քանի որ աղանդներն են դիտվում են որպես արհեստականորեն ձևավորված խմբեր, այլ ոչ՝ Աստվածային հաստատված եկեղեցի։ Այս ասոցիացիան հակասում է եկեղեցու առաքելական ինքնությանը և պատմությանը։
Oragir.News-ը զրուցեց կրոնագետ Վարդնան Խաչատրանի հետ, վերջինս ներկայացրեց, թե ինչ մտահոգություններ կարող են առաջացնել այս արտահայտությունները պետության օրհներգի հնչեցման և եկեղեցական արարողությունների համատեքստի մասին։ Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունը կարող է ստեղծել անհասկանալի իրավիճակ և հակասել եկեղեցական ավանդույթին։
«Ինչի՞ց ելնելով են սա ասում: Հիմա ասում են, որ պատարագից առաջ պետք է հնչի օրհներգը, մեր օրհներգը, պետության օրհներգը։ Հարց չկա, բայց այն իտալացի աղջկա երգն է, ճի՞շտ է։ Իսկ ի՞նչ կապ ունի դա եկեղեցական կարգի հետ», – ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ արտասահմանցի հավատացյալները գալիս են՝ թե՛ Էջմիածին, թե՛ արտասահմանում գոյություն ունեցող մեր եկեղեցիներ, և ի՞նչ կապ ունի նրանց՝ Հայաստանի հիմնը լսելը տերունական աղոթքից առաջ։
Խաչատրյանը շեշտեց, որ եկեղեցին ստեղծվել է Հիսուսի արյունից և հիմնված է քրիստոնեական ավանդույթի վրա։
«Եկեղեցին ոչ մեկը չի ստեղծում, այն Հիսուսի արյունից է, և սա քրիստոնեության պոստուլատն է։ Մենք գիտենք, որ Հայաստանում երկու առաքյալներն են տարածել հավատը։ Երբ ասում ենք, որ պետությունն է ստեղծել, դա սխալ ընկալում է առաջացնում։ Եթե նույնն օրինակ Վրաստանի եկեղեցու դեպքում ասեին, դա կհանգեցներ անհասկանալի իրավիճակի և ոչ միայն», – նշեց նա։
Կրոնագետը հավելեց, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցական բնականոն ընթացքին, չնայած պատմության մեջ կան նախադեպեր.
«Եկեղեցին հնարավորություններ է տալիս ծավալվելու, իսկ պետությունը՝ ոչ։ Եթե պետությունը փորձում է նոր ուղղություն ստեղծել, այն առաջացնում է փոփոխություններ, ինչպիսիք եղել են Անգլիայում կամ Գերմանիայում Լյութերի շարժման ժամանակ։ Մենք պետք է զգույշ լինենք, որ չստեղծենք անհասկանալի կառույց և ճշմարտություններ չվերանայենք», – նշեց նա։
Վերջում Վարդան Խաչատրյանը հավելեց, որ նման հայտարարությունից լուրջ հետևանքներ չեն սպասվում. «Սրա հետևանքով ոչ մի խնդիր չի առաջանա», – եզրափակեց նա։