Ինչ են անում վրացիները Հայաստանում, և ինչ կապ ունի ղազախական ցորենը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով զերծ մնալ Երևանը վրացական արևմտամետ ՀԿ-ների գործունեության նոր կենտրոնի վերածելուց։ Այս մասին բանտում գտնվող Վրաստանի երրորդ նախագահը գրել է իր Ֆեյսբուքի էջում։

«Կոբախիձեն Հայաստանին խնդրել է վրացական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին վռնդել Երևանից։ Հայաստանի մայրաքաղաքն այժմ լեփ-լեցուն է վրացիներով, քանի որ արևմտյան փողերով անցկացվող բոլոր համաժողովները, որոնք նախկինում կազմակերպվում էին Վրաստանում, այժմ տեղափոխվել են Երևան։ Վրաստանի իշխանությունները նաև պահանջում են փակել այդ կազմակերպությունների հաշվեհամարները», – գրել է Սաակաշվիլին։

Ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունները Սաակաշվիլիի այս պնդումները չեն մեկնաբանում։ Վրաստանի նախկին նախագահի տեղեկություններով, սակայն, Հայաստանի իշխանությունները Կոբախիձեի կառավարության պահանջները կատարելու մտադրություն չեն ցուցաբերում։

«Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենք գոյություն չունի։ Ավելին՝ նման օրենքի ընդունում չի նախատեսվում, ուստի վրացիների ազատ գործունեության սահմանափակման հիմքերը բացակայում են։ Կոբախիձեն, սակայն, Երևանին սպառնում է բեռների տեղաշարժի սահմանափակումներով», – պնդում է Վրաստանի նախկին ղեկավարը։
Շատերի համար գաղտնիք չէ, որ հայ–վրացական հարաբերությունները փաստացի գտնվում են լարված վիճակում։ Չնայած Սաակաշվիլին պնդում է, որ դա կապված է ՀԿ-ների հետ, այլ վարկածները ևս չի կարելի բացառել։

Ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ Հայաստանը փորձում է ամեն գնով տեղի չտալ վրացական սպառնալիքներին, իսկ լուծումը փորձել են գտնել Եվրոպայից։ Տարածված այլ տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծված ղազախական չորրորդ սորտի ցորենը հակակշիռ է վրացական սպառնալիքներին․ դրա միջոցով եվրոպացիները փորձել են ցույց տալ Վրաստանին, որ Հայաստանը չի վախենում հայ–վրացական սահմանի փակվելուց։

Այս վարկածին, սակայն, քաղաքագետ Արմեն Վարդանյանը մեծ հաշվով այդքան էլ չի հավատում։

Oragir.News-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց․ «Սկզբում ասում էին, թե իբր ՀԿ-ները, որ եկել են Հայաստան, դրա համար են պատժում՝ փակելով սահմանը, թույլ չտալով բեռների փոխադրումը։ Բայց վերջերս Ադրբեջանը ևս բախվում է նման խնդիրների, ուստի խնդիրը ավելի խորքային է»։

Վարդանյանի խոսքով՝ հնարավոր է, որ նույնիսկ մեր իշխանությունն ամբողջությամբ չգիտի հայ–վրացական լարված հարաբերությունների իրական պատճառը։

«Իմ կարծիքով՝ երևի խնդիրը TRIPP-ն է, քանի որ դրանով Վրաստանի դերը սկսում է նվազել», – նշեց քաղաքագետը։

Այսպիսով, հայ–վրացական հարաբերություններում առկա լարվածությունը միայն մի պատճառ չունի․ այն պայմանավորված է միաժամանակ և՛ քաղաքական, և՛ տարածաշրջանային, և՛ տնտեսական գործոններով։ Թեև շրջանառվում են տարբեր վարկածներ՝ ՀԿ-ների գործունեությունից մինչև բեռնափոխադրումների վրա ազդեցությունը, ամենայն հավանականությամբ խնդիրը ավելի համակարգային է և կապված է տարածաշրջանային նոր կոմունիկացիոն նախագծերի, հատկապես TRIPP-ի հետ, որի արդյունքում Վրաստանի ավանդական դերակատարությունը տարածաշրջանում կարող է նվազել։

Ք. Սահակյան

Leave a Comment