Տեղի է ունեցել քննարկում՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին տրամադրվող խնամքի ծառայությունների նվազագույն չափորոշիչների հաստատման վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև ԵՄ ֆինանսավորմամբ տեղի է ունեցել քննարկում՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև երեխաներին տրամադրվող խնամքի ծառայությունների նվազագույն չափորոշիչների հաստատման վերաբերյալ։

Միջոցառմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային մասնագետներ։

Քննարկման ընթացքում ներկայացվել են խնամքի ոլորտում նախատեսվող նոր չափորոշիչները, որոնք միտված են խնամքի ծառայությունների որակի բարձրացմանը և շահառուների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։ Չափորոշիչները կիրառելի են լինելու բոլոր ծառայություն մատուցողների համար՝ անկախ կազմակերպության կազմակերպաիրավական ձևից և ֆինանսավորման աղբյուրից, ինչպես նաև կապակցվելու են պարտադիր հավաստագրման գործընթացի հետ։

Միաժամանակ անդրադարձ է կատարվել նախատեսվող բարեփոխումների փուլայնությանը, վերահսկողական մեխանիզմներին և ֆիսկալ ազդեցություններին։ Նշվել է, որ չափորոշիչների ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպություններին կտրամադրվի անցումային ժամկետ՝ հավաստագրվելու համար։ Միջոցառման ավարտին տեղի է ունեցել կարծիքների և առաջարկությունների փոխանակում։

Leave a Comment