Նախկին ընկերը բռնություն գործադրելով հափշտակել է հեռախոսը և անձնական իրերը

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։ Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել բռնություն գործադրելու և անձնական իրեր հափշտակելու դեպքի առթիվ։ Ն․Ս․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, բռնություն գործադրելով կատարել է ուրիշի գույքի հափշտակություն։ Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Գործը մակագրվել է դատավոր Բորիս Բաշխիյանին։

Դեպքի կատարման վայրը

Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրի Հախնազարյան փողոցի ․․․ տան բնակիչ Ն․ Ս․Գ․-նը, ինքնությունը դեռևս չպարզված անձի օժանդակությամբ, այն է՝ վերջինիս վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով որպես ուղևոր 2025 թվականի սեպտեմբերի 05-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, Մ․Լ․Վ․-նի նկատմամբ բռնություն գործադրելով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Վերին Արտաշատ բնակավայրի Հախնազարյան փողոցում մոտեցել է Մ․Վ․-ին:

Դեպքի հանգամանքները

Վերջինս տեսնելով իրեն մոտեցող Ն․Գ․-ին փորձել է փախչել, սակայն Ն․Գ․-նը ավտոմեքենայից իջնելուց հետո իր հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, վազքով մոտեցել է Մ․Վ․-ին, ձեռքին եղած տարրայով արցունքաբեր նյութը արտանետել է նրա դեմքին՝ այդ կերպ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որի հետևանքով Մ․Վ․-ն ընկել է, իսկ Ն․Գ․-ն հափշտակելով Մ․Վ․-նի՝ 375,000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն 14 մոդելի բջջային հեռախոսը, կանացի պայուսակը, որում եղել է 7.000 ՀՀ դրամ, ինչպես նաև անձնական իրեր, հեռացել է և նստելով «Հոնդայ» մակնիշի ավտոմեքենայի առջևի ուղևորի խցիկում դիմել է փախուստի։

Բացի այդ, Ն․Ս․Գ․-նի կողմից ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ Մ․Լ․Վ․-նի նկատմամբ բռնություն գործադրելով հափշտակություն կատարելուց հետո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված թիվ 27212825 քրեական վարույթով Մ․Լ․Վ․-նը ճանաչվել և հարցաքննվել է որպես տուժող։

2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում Ն․Ս․Գ․-նը Մ․Վ․-ից հափշատկված բանկային քարտերը վերադարձնելով վերջինիս, թողել է Մ․Վ․-նի՝ Վերին Արտաշատ բնակավայրի Ղուկասյան փողոցի ․․․ հասցեի տան մոտ, որի հետ միասին թողել է անձամբ իր կողմից գրված ձեռագիր գրություններ՝ «Մ․ քո խելոք որոշումը ասած արա քեզ ասել եմ որնա ճիշտը, աղոթի ումը հավատում ես, միլիցա մի տուր, ամոթա», «Լ․ 2 տարի չկարացար աղջիկ դաստիրակես վերջում դիմիր միլիցա Լ․ ջան բոզություն ճիշտ չի, աղոթքի ումը հավատում ես>>։

Դրանից հետո Ն․Գ․-նը իր կողմից շահագործվող Ն բջջային հեռախոսահամարով նույն օրը՝ ժամը 02:20-ին Մ․Վ․-ի մայր՝ վարույթով վկա Գ․Մ․Վ․-նի կողմից շահագործվող Ն բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել այն մասին, որ սեռական հարաբերություն է ունեցել Մ․Վ․-նի հետ, հաղորդում տալու համար հայհոյել է նրանց:

Նշված գործողություններով՝ Ն․Գ․-նը դատավարության մասնակցի՝ տուժող Մ․Վ․-նի մասին արատավորող և նրա իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու եղանակով Մ․Վ․-ին և նրա մերձավոր ազգական համարվող Գ․ Վ․-ին և ծնող Լ․Վ․-ին խոչընդոտել է մինչդատական վարույթի մարմնին ներկայանալուն, քննչական կամ դատական գործողություններին մասնակցնելուն:

Դատախազի կայացրած որոշումը

Ն․Ս․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածով․

1․ ՀՀ ՔՕ 252 հոդվածի 1-ին մասով, որը կարգավորում է ավազակությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հափշտակությունը։

Նախատեսված պատիժը՝ ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով:

2․ ՀՀ ՔՕ 495 հոդվածի 1 մասով, որը սահմանում է դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը։

1. Դատավարության մասնակցի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով կամ այլ ապօրինի եղանակով դատավարության մասնակցին մինչդատական վարույթի մարմին կամ դատարան ներկայանալուն, քննչական կամ դատական գործողություններին մասնակցելուն խոչընդոտելը կամ սուտ բացատրություն, ցուցմունք, փորձագիտական կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը կամ հաղորդում, բացատրություն, ցուցմունք, փորձագիտական եզրակացություն կամ կարծիք տալուն կամ չտալուն կամ թարգմանություն կատարելուն կամ չկատարելուն հարկադրելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 490-րդ հոդվածով նախատեսված հանցանքի հատկանիշները՝

Նախատեսված պատիժը՝

  • Տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ
  • Հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
  • Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ
  • Ազատության սահմանափակում` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
  • Կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ
  • Ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






Կարդացեք նաև՝

Leave a Comment