8 դեկտեմբերի 2025 – 12:57 AMT
PanARMENIAN.Net – ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի
«Սա շատ զգայուն հարց է, այն պետք է օր առաջ լուծվի։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որ սրբազանն անմիջական իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ վիրահատvi», – ընդգծել է պատգամավորը, հայտնում է Auroranews.am-ը։
Դանիելյանն ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողվում կազմակերպած փակ քննարկումից հետո հայտնել է, որ իր նախաձեռնությամբ է կազմակերպվել հանդիպումը, որին մասնակցել են առողջապահական և իրավապաշտպան կառույցների ներկայացուցիչներ։
Պատգամավորը նշել է, որ քննարկումը վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում մեկ տարվա ընթացքում գրանցված 23 մահվան դեպքերին, ինչը, ըստ նրա, պահանջում է լրջագույն ուսումնասիրություն և համապատասխան լուծումներ։
«Իմ պահանջով է, որ այսօր քննարկում է տեղի ունենում, որին մասնակցում է ՄԻՊ-ը։ Առողջապահության նախարարն այստեղ չէ, բայց համապատասխան ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն է ներկա և քրեակատարողական հիմնարկների պետն է եկել», – նշել է պատգամավորը։
Նրա փոխանցմամբ, գրանցված մահվան դեպքերից միայն 8–ը ինքնավնասման հետևանք է, և բոլորը պետք է պատշաճ քննության ենթարկվեն՝ խնդիրների իրական պատճառները հասկանալու համար։
«Սա սարսափելի ցուցանիշ է», – ասել է նա՝ հավելելով, որ քննարկված խնդիրները պահանջում են ստույգ արձագանք։
Դանիելյանը կրկին անդրադարձել է Միքայել սրբազանի առողջական վիճակին՝ ընդգծելով, որ հարցը դարձել է հրատապ։
«Առաջին անգամ եմ ձեր ուշադրությունը հրավիրում Միքայել սրբազանի գործին, նա անհապաղ վիրահատության կարիք ունի։ Հանձնաժողովի նիստում նաև այդ հարցն եմ բարձրացրել։ Ցավով եմ արձանագրում, որ կարող է մահվան 24-րդ դեպքը, Աստված մի արասցե, լինի սրբազան հայրը», – ասել է Գառնիկ Դանիելյանը՝ պահանջելով անհապաղ միջոցներ ձեռնարկել։
Ի պատասխան այդ հայտարարություններին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր հանձնարարությամբ իրավաբանը կներկայանա Աջապահյանին ու նրանից համապատասխան դիմում կվերցնեն, հայտնում է Radar Armenia-ն։
«Որևէ բյուրոկրատական քաշքշուկ չկա և չի կարող լինել, եթե խոսքը վերաբերում է անձի առողջությանը։ Ընդամենը պետք է, որ անձը դիմում ներկայացնի, և այդ դիմումը կքննարկվի, կներկայացվի պատասխանը և կձեռնարկվեն միջոցները, որ ձեռնարկվում են անձի առողջության պահպանման համար։
Դիմումը, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել, ես հանձնարարել եմ, որ եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես ներկայացվի դիմումը, մեր իրավաբանն այսօր կմոտենա տեղում իրեն, դիմումը կվերցնի ու կներկայացնի ՊՈԱԿ-ին»,–ասել է նա։
Խոսելով անհապաղ վիրահատության կարիք ունենալու մասին՝ նա նշել է, որ որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին արձանագրված չէ։
«Այն պահին, այն ժամանակ, երբ կներկայացվի դիմում, համապատասխան գործիքակազմը գործի կդրվի ու անձը կստանա իր համար ցանկալի բուժօգնություն ու սպասարկում»,–ասել է նա։
Նա նաև նշել է, որ անազատության մեջ գտնվող ցանկացած անձի առողջությունը պետության հոգածության տակ է։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հատկանիշներով։ Նա կալանավորվել է հունիսի 28-ին։
Հոկտեմբերի 3-ին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է վճիռը, ըստ որի՝ Միքայել սրբազանը ճանաչվել է մեղավոր և դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։