Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կոչ է արել ՀՀ իշխանություններին չմիջամտել Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին և խնդիրներին  միջամտելուց


ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ զերծ մնալ Սուրբ Էջմիածնի ներքին կյանքին և խնդիրներին միջամտելուց։


Իր հայտարարության մեջ Արամ Ա Կաթողիկոսը դատապարտել է ՀՀ իշխանությունների «հակասահմանադրական, և, հետևաբար, անընդունելի և դատապարտելի քայլերը, որոնք ուղղված են տարբեր միջոցներով Եկեղեցու ներսում պառակտում առաջացնելուն, որը կարող է մեր Եկեղեցուն, ազգին և Հայրենիքին տանել ինքնակործանման»։


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը կոչ է արել Սուրբ Էջմիածնի հոգևորականությանը «անհապաղ կանխել համայնքի ներսում պառակտումը, միավորվել Վեհափառ Հայրապետի, միաբանական ուխտի և սկզբունքների շուրջ, իրապաշտ մոտեցումով լուծել առկա խնդիրները և ցուցաբերել վճռականություն՝ համապատասխան որոշումներ գոյացնելու համար»։


Արամ Ա-ն խորը մտահոգություն է հայտնել Սուրբ Էջմիածնի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ։


«Զանազան առիթներով և տարբեր միջոցներով մենք փորձել ենք հանդարտեցնել փոթորկալից կացությունը և կողմերին բերել փոխըմբռնման, հատկապես զգուշացնելով այն քայլերից, որոնք կարող են հանգեցնել Եկեղեցում պառակտման», – նշել է նա։


Կաթողիկոսը կարծում է, որ այսօր, ըստ էության, իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել՝ լի անկանխատեսելի հետևանքներով։ «Սուրբ Էջմիածնի և, ընդհանրապես, մեր Եկեղեցու ամբողջականության և ներքին միության ամուր պահպանումը, ինչպես նաև ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելը ազգային առաջնահերթություն է», – ընդգծել է նա։


 

Leave a Comment