Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում անցկացրել է վարժանքներ և դասընթացներ

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, հանրային իրազեկվածության, փրկարարական ծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հետևողականորեն իրականացնում է միջոցառումներ:

Տեսականից գործնականի անցնելու նպատակով Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունները հանրապետության ողջ տարածքում անցկացրել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ կենտրոնանալով իրական սցենարների վրա: Մասնավորապես հրդեհաշիջման աշխատանքներ են կազմակերպվել տարբեր օբյեկտներում՝ ուսումնական հաստատություններ, հրդեհապայթյունավտանգ տարածքներ, առևտրի կենտրոններ, արդյունաբերական օբյեկտներ: Անցկացվել են հրդեհաշիջման տեխնիկայի արագ տեղակայման, տարհանման սցենարների մշակման և առաջին բուժօգնության ցուցաբերման հմտությունների կատարելագործման պարապմունքներ:

Վարժանքների նպատակը ոչ միայն փրկարարական ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր, այլև տվյալ օբյեկտների անձնակազմի պատրաստականության բարձրացումը, ինչը նպաստելու է արտակարգ իրավիճակներում արագ և համակարգված գործողությունների իրականացմանը:

Դպրոցներում, մանկապարտեզներում և այլ ուսումնական հաստատություններում անցկացվել են նաև արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծային դրսևորումներին ուղղված դասընթացներ, մասնավորապես՝ հեղեղումների ժամանակ և հետո վարքականոնները, ազդարարման ազդանշանները, երկրաշարժի դեպքում անվտանգության միջոցները, «օդային տագնապ» ազդանշանի դեպքում պատսպարման կարգը հրդեհաշիջման կանոնները և այլն:

Դասընթացների ավարտին մասնակիցներին բաժանվել են թեմատիկ բուկլետներ:

Մարզային փրկարարական վարչությունները համայնքապետարանների հետ համատեղ կազմակերպել են շտաբային ուսումնավարժություններ՝ կենտրոնանալով այնպիսի արտակարգ իրավիճակների վրա, ինչպիսիք են ուժեղ երկրաշարժերը, համաճարակային սպառնալիքները և այլ բնական աղետներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպմանը: Ցուցադրական ուսումնավարժություններն ընդգրկել են դաշտերի և այգիների խոտի այրման վնասների և դրա կանխարգելման կարևորության մասին իրազեկում՝ ուղղված բնապահպանական անվտանգության և համայնքների պաշտպանության ապահովմանը:

Փրկարար ծառայության կողմից իրականացվող վարժանքները բարձրացնում են բնակչության պատրաստվածությունն ու տեղեկացվածությունը՝ ապահովելով արդյունավետ արձագանք արտակարգ իրավիճակներում։

Leave a Comment