Կասկադ համալիրի անավարտ հատվածը կկառուցվի առաջիկա 5 տարում․ ստորագրվել է վերակառուցման պայմանագիրը ներդրող գործընկերոջ հետ

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը, այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քննարկվեց Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման հարցը, որի շինարարության ավարտը նախատեսվում է հինգ տարվա ընթացքում

Ներդրող գործընկերոջ հետ ստորագրվել է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման, Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացման ուղղված պայմանագիրը, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի իրավահարաբերությունները։

Երևանի քաղաքապետի խորհրդական Թևանյանը նշեց, որ․ «Նախատեսվում է կնքել հարակից հատվածում գտնվող հողամասի առուվաճառքի պայմանագիրը, որը որ հանդիսանում է ծրագրի իրականացման այն կոմպոնենտը, որը հնարավորություն է տվել մրցույթի պայմաններին համապատասխան ներգրավել ներդրող ընկերությանը»։

Երկու պայմանագրերի տրամաբանությունը և կարգավորումները այնպիսին են, որ կառուցապատման աշխատանքները երկու հատվածներում համայնքապատկան, հետագայում համայնքին հանձնվելիք կառույցի մասով և հարակից հատվածում իրականացվող շինարարությունը պետք է տեղի ունենան զուգահեռ, համընթաց, միաժամանակյա կազմակերպման սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել ամբողջ քաղաքաշինական պրոցեսի միասնականությունը և համաժամանակյա իրականացումը։

Այս ծրագիրը նաև ներառում է հարակից հատվածում գտնվող համայնքային հողամասի բարեկարգման և որպես քաղաքային այգի այն ձևավորելու նախաձեռնությունը, որը ներդրումային առաջարկի մաս է կազմում և ամբողջ ծրագրի իրականացման արդյունքում նաև ապահովելու են ճանապարհային հանգույցներ, մուտքեր և ելքեր դեպի նոր կառուցվող մշակութային հանգույց, թաղամաս և քաղաքային այգի։

Ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը շինարարության թույլտվության պահից հաշված հինգ տարիների ընթացքն է, որի ամբողջ ժամանակահատվածում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը և այն շահագործման ենթակա վիճակում համայնքին որպես սեփականություն ներդրողի կողմից փոխանցելը։

Ինչպես հավելեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․ «Քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ստանում է ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածքներ և ստանում է տարատեսակ նոր հանրային տարածքներ, որոնք վստահաբար, ոչ միայն քաղաքապետարանին են, այլ քաղաքին են»։

Քաղաքապետն ընդգծեց, որ պետք է մնալ մոտավորապես 70 միլիոն դոլարի շրջանակներում և այդ գումարը չգերազանցել։ Այսինքն՝ նախնական 50 միլիոն դոլարը այժմ բարձրացվել է շուրջ 70 միլիոնի։

 






Կարդացեք նաև՝


Leave a Comment