Թաիլանդն ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի հետ սահմանին, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Թաիլանդի պաշտպանության նախարարությանը: Առնվազն մեկ թաիլանդցի է սպանվել, չորսը՝ վիրավորվել:
Երկու երկրները միմյանց մեղադրել են հրադադարի մասին համաձայնագիրը խախտելու մեջ:
Կամբոջայի պաշտպանության նախարարությունն էլ պնդել է, որ հարևան երկրի զինվորականները մի քանի օրվա սադրիչ գործողություններից հետո հարվածել են իր ուժերին երկու վայրերում:
Սահմանային վեճը տևում է ավելի քան մեկ դար և սկիզբ է առել ֆրանսիական գաղութային շրջանից։ Հուլիսին տեղի ունեցած վերջին սրացումը հանգեցրել էր ավելի քան 40 մարդու մահվան և սահմանամերձ շրջանների մոտ 300 000 բնակիչների տեղահանման։ Հոկտեմբերյան փաստաթուղթը նախատեսում էր ծանր զինամթերքի դուրսբերում, դիտորդական առաքելության ստեղծում և 18 կամբոջացի զինվորի ազատ արձակում, սակայն այդ դրույթները դեռևս չեն իրականացվել։
