Ապահովագրական պայմանագրերի օրինակելի ձև՝ հավասար պայմանների ապահովման համար

Iravaban.netը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում հրապարակված Առողջապահության նախարարության կողմից ներկայացրած նախագիծը, որով կառավարությանն առաջարկում է հաստատել «Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ»-ի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև դեղատների միջև հօգուտ ապահովագրված անձի կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, որը հնարավորություն կտա նաև ապահովագրական փաթեթի մատուցման պրոցեսում բացառել անհամաչափ կամ ոչ միասնական պայմանների կիրառումը։

Ո՞րն է պայմանագրերի օրինակելի ձևի հաստատման նպատակը 

Ապահովել Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագրային հարաբերությունների պատշաճ ձևակերպումը, պայմանագրային այն բազայի ստեղծումը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկումը։

Ինչպես նաև օրինակելի պայմանագրերի առկայությունը կբարձրացնի Հիմնադրամի վերահսկողական գործառույթների արդյունավետությունը՝ ապահովելով, որ բժշկական կազմակերպությունները և դեղատները գործեն սահմանված պահանջներին համապատասխան և պատասխանատվության շրջանակներով։

Պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ, կազմակերպված և հուսալի գործարկման կարևորագույն մեխանիզմ է։

Ակնկլավող արդյունքը

Ակնկալվում է սահմանել Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, Հիմնադրամի և դեղատների հետ կնքվող Պայմանագրի օրինակելի ձևը, որի հիման վրա հետագայում պայմանագրային հարաբերություններ կձևավորվեն նշված սուբյեկտների միջև։

Առաջարկվող կարգավորման բնույթը

 Պայմանագրի օրինակելի ձևը մասնավորապես կարգավորվում է՝

  • Պայմանագրի առարկան,
  • Կատարողի իրավունքները և պարտավորությունները
  • Պատվիրատուի իրավունքները և պարտավորությունները
  • Ապահովագրված անձի իրավունքները և պարտականությունները
  • Կողմերի պատասխանատվությունը
  • Անհաղթահարելի ուժի ազդեցության (ֆորս-մաժոր) պարագայում պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հարցը
  • Պայմանագրի շրջանակում Կողմերի՝ միմյանց ծանուցելու առանձնահատկությունները, կիրառելի օրենսդրության ու վեճերի լուծման կարգը
  • Այլ հիմնահարցեր

Կապը կառավարության ծրագրի հետ

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետից։

Իրավական հիմքը

Որոշումը հիմնված է՝ 

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմամբ հաստատված` Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման հայեցակարգից:

Բացի այդ, Նախագծերը կապված են նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջության պահպանմանը:

Բյուջետային ազդեցություն

Նախագծերի ընդունման արդյունքում չի նախատեսվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, – տեղեկացնում է Iravaban.netը ։






Կարդացեք նաև՝


Leave a Comment