ՀՀ կառավարությունը նախագիծ է մշակել, որով հիմնադրվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ՝ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության փոխարեն։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է E-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից։ Փոփոխությունը կապված է 2025 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի կողմից ընդունվելիք «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի հետ։
Հիմնադրամի ստեղծում
Նախագծով հիմնադրման միջոցով ստեղծվում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ՝ որպես ոչ առևտրային կազմակերպություն։
Հիմնադիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը։
Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Սամվել Ջանիբեկի Խարազյանը՝ ներկայումս ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ, նախկինում եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհդականը, ինչպես նաև՝ «Առողջապահության տնտեսագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահը։ Ի դեպ Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի ֆեյսբուքյան պաշտոնականի էջի վերջին հրապարակում է կատարվել է 2023 թվականի դեկտեմբերի 12-ին.

Նա կաշխատի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում մինչև կանոնադրությամբ սահմանված կարգով հիմնադրամի գլխավոր տնօրենի ընտրությունը։
Խարազյանի նկատմամբ տարածվում են գլխավոր տնօրենին ներկայացվող բոլոր պահանջները։
Հիմնադրամի գործառույթները
Հիմնադրամը կիրականացնի «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքներով, կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված գործառույթները։
Հիմնական գործառույթներն են՝
Պայմանագրերի կնքում. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների հետ պետական պատվերի մասով բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի կնքում։
Հաշվետվությունների ընդունում և փոխհատուցում. Բուժհիմնարկների կողմից մատուցված ծառայությունների հաշվետվությունների ընդունում և փոխհատուցում։
Վերահսկողություն. Մատուցված բժշկական ծառայությունների որակի և ծավալի վերահսկում։
Ֆինանսավորման մեխանիզմների մշակում. Ֆինանսավորման և տնտեսավարման նորմատիվների, մեխանիզմների, չափորոշիչների մշակման ու ներդրման աշխատանքներին մասնակցություն։
Լրացուցիչ ծառայություններ. Առողջության համապարփակ ապահովագրության համակարգում չընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի, լրացուցիչ ծառայությունների տրամադրման կազմակերպում։
Պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցում
Նախագծով ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվում է ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության գործունեության դադարեցման նպատակով մեկամսյա ժամկետում ներկայացնել՝
- Գործակալության գործունեության դադարեցման աշխատանքները կազմակերպող հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ
- Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ հանձնման-ընդունման աշխատանքներ իրականացնելու մասին դրույթներ
Այսպիսով՝ գործակալությունը փակվում է, և նրա գործառույթները անցնում են նոր հիմնադրամին։
Իրականացման ժամկետները
Մեկամսյա ժամկետ՝
- Հիմնադրամի պետական գրանցումը
- Գործակալության դադարեցման աշխատանքների կազմակերպման նախագծերի ներկայացումը
- Հիմնադրամին տրամադրվող գույքի ցանկի ներկայացումը
Եռամսյա ժամկետ՝
- Հիմնադրամին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք տրամադրելու որոշման նախագծի ներկայացումը
Հաստիքների համալրում՝ Հիմնադրամի կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումից հետո մրցութային ընթացակարգերով համալրման ենթակա հաստիքներում նշանակվելու են ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչև մրցութային ընտրությունները։
Ժամանակավոր խորհրդի ստեղծում
ՀՀ առողջապահության նախարարը պետք է վարչապետի հաստատմանը ներկայացնի հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը։
Կապը կառավարության ծրագրի հետ
Նախագծի ընդունումը կապված է՝
- ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի «Առողջապահության նախարարություն» բաժնի 1.1 կետի հետ,
- ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի N 133-Լ որոշմամբ հաստատված Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի 4.1 կետի հետ։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովի՝
- առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պատշաճ գործարկումը,
- համակարգի արդյունավետ ու անխափան աշխատանքները,
- առողջության համապարփակ ապահովագրության համակարգում չընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալի, լրացուցիչ ծառայությունների տրամադրման կազմակերպումը։
Բյուջետային ազդեցություն
Հիմնավորման մեջ բյուջետային ազդեցության մասին տեղեկություններ չեն ներկայացված, – այս մասին տեղեկացնում է Iravaban.net-ը։
Լուսանկարի աղյուրը այստեղ։