Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնագիրը «իրոք մոտ է» ստորագրվելուն, և դրա ճակատագիրը կախված է երկու հիմնական հարցերի լուծումից՝ Դոնբասի ապագայից և Զապորոժիայի ատոմակայանի (ԶԱԷԿ) կարգավիճակից։ Այդ մասին դեկտեմբերի 6-ին Կալիֆոռնիա նահանգում Ռեյգանի անունը կրող նախագահական հիմնադրամի կազմակերպած ֆորումում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, հայտնում է DW-ն։

«Եթե մենք կարգավորենք այդ երկու հարցերը, կարծում եմ՝ մնացած ամեն ինչ բավական հարթ կլուծվի։ Մենք գրեթե հասել ենք նպատակին… Մենք իրականում շատ մոտ ենք»,-վստահեցրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ կարգավորման ջանքերը «վերջին 10 մետրերի» վրա են, որոնք միշտ ամենաբարդն են լինում։

Քելլոգը հստակեցրել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր կորցրել են ավելի քան 2 միլիոն մարդ՝ սպանվածների և վիրավորների հաշվարկով։

Reuters-ը հիշեցրել է, որ Ռուսաստանը վերահսկում է Ուկրաինայի տարածքների 19.2%-ը, այդ թվում՝ Ղրիմը, ամբողջ Լուգանսկի մարզը, Դոնեցկի մարզի ավելի քան 80%-ը, Խերսոնի ու Զապորոժիայի մարզերի մոտ 75%-ը, ինչպես նաև՝ Խարկովի, Սումիի, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի մարզերի որոշ հատվածներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 6-ին հայտնել է, որ երկար ու «բովանդակալից» հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։

Դեկտեմբերի 5-ին Կրեմլում հայտարարել էին, որ հնարավոր է՝ հենց Քուշներն իրականացնի համաձայնագրի նախապատրաստման հիմնական աշխատանքը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 8-ին Լոնդոնում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ ԱՄՆ-ի գլխավորած բանակցությունների առաջընթացը գնահատելու համար։

Leave a Comment