Ազնավուրը և Հայաստանը․ 1988-ի երկրաշարժի օրը նրա մեջ արթնացավ հայը

«Ազնավուր» հիմնադրամը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի Հայաստան կատարած այցից։

«25 տարի ոտք չէի դրած այստեղ, բայց սիրտս հոս էր։ Մեր երկիրը դժվար կացության մեջ է, ողջ աշխարհում հայերը պետք է համախմբվեն, որպեսզի մեր երկիրը ուժեղանա, դառնա փարոս»,-հիմնադրամի հրապարակած տեսանյութում ասում է Ազնավուրը։

«Ազնավուրը և Հայաստանը: Հայաստանը և Ազնավուրը: Այս անունները հավերժ կապվեցին իրար, երբ տեղի ունեցավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժը: Ինչպես Շառլ Ազնավուրն ինքն էր ասում, հենց այդ օրն էր, որ նրա մեջ արթնացավ հայը:

Նա առաջիններից էր, որն արձագանքեց մեծ աղետի օրերին, եկավ Հայաստան ու այլևս երբեք չլքեց իր ժողովրդին:

Այսօր մենք հիշում ենք 1988-ի Սպիտակի երկրաշարժի զոհերին և բոլոր նրանց, ովքեր կանգնեցին Հայաստանի կողքին այդ ծանր օրերին»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Երկրաշարժից հետո մեծանուն երգիչը հիմնեց «Aznavour pour l’Arménie/Ազնավուրը՝ Հայաստանին» ընկերակցությունը, որն իրականացնում էր մարդասիրական ծրագրեր։

Երկրաշարժից հետո Ազնավուրի «Pour toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգը դարձավ հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ և կատարվեց աշխարհի տարբեր լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն։

Leave a Comment