Պետք է շարունակենք մեր ծառայությունը բերել մեր ժողովրդին. Գարեգին Բ-ն` Փաշինյանի քայլերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրողների հետ զրույցում Գարեգին Բ-ն ամփոփել է Ժնև և Մարսել կատարած այցերը, ինչպես նաև անդրադարձել ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորմանը։

Կաթողիկոսը նշել է, որ Մարսելում է տեղեկացել Արշակ արքեպիսկոպոսի ձերբակալության մասին՝ տեղի ունեցածը որակելով որպես «անհիմն և շինծու մեղադրանք»։

«Պատվիրյալ արդարադատությամբ սահմանվել է նրա համար երկամսյա կալանավորման ժամկետ։ Մենք գիտենք, որ քաջարի ոգով մեր սրբազանները այս պարագային արդեն… Արշակ արքեպիսկոպոսը եղավ չորրորդ սրբազանը։ Մեր սրբազանները աննկուն են իրենց ոգով և քաջաբար դիմագրավում են բոլոր դժվարությունները»,- հայտարարել է Գարեգին Բ-ն։

Նա համոզմունք է հայտնել, որ արդարությունը հաղթանակելու է, և հոգևորականները արդարացված վերադառնալու են իրենց ծառայությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոշտ ուղերձով դիմել է իշխանություններին՝ պահանջելով դադարեցնել ճնշումները եկեղեցու և հոգևորականների նկատմամբ։

«Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին՝ վերջ դնելու հակաեկեղեցական գործողություններին, վերջ դնելու եկեղեցականների նկատմամբ իրագործվող բռնաճնշումներին, լռեցնելու նրանց արդար ձայնը, նաև՝ հարկադրելու եկեղեցու կարգաց և կանոնաց խախտմամբ գործողություններ կատարելուն»,- ընդգծել է Վեհափառը։

Դիմելով հավատացյալներին և հոգևոր դասին՝ Գարեգին Բ-ն հորդորել է մնալ հաստատուն և շարունակել ազգանվեր ծառայությունը՝ անտեսելով «եկեղեցահալած քաղաքականությունը»։

«Մենք պիտի կարող լինենք արդարությունը, ճշմարտությունը, սերը, խաղաղությունը, համերաշխությունը և եղբայրասիրությունը՝ որպես բարձրագույն արժեքներ, դարձնել հիմք մեր ժողովրդի կյանքի»,- եզրափակել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Leave a Comment