Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։
«Ես հենց նոր (Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ) Անդրեյ Իգնատովի և (Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար) Ռուստեմ Ումերովի հետ միասին երկար և բովանդակալից հեռախոսազրույց ունեցանք Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ: Ես շնորհակալ եմ շատ բովանդակալից և կառուցողական զրույցի համար», – գրել է Զելենսկին՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Նրա խոսքերով՝ «մենք համաձայնության ենք եկել Ամերիկայի հետ զրույցի հաջորդ քայլերի և ձևաչափերի շուրջ»։ «Ես անհամբեր սպասում եմ Ռուստեմ Ումերովի և գեներալ Իգնատովի վերադարձին մանրամասն զեկույցով։ Մենք չենք կարող ամեն ինչ քննարկել հեռախոսով, ուստի մենք պետք է մանրամասն աշխատենք մեր թիմերի հետ գաղափարների և առաջարկների շուրջ», – եզրափակել է Զելենսկին։
Ումերովը և Իգնատովը ներկայումս Միացյալ Նահանգներում են։ Bloomberg-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև դեկտեմբերի 4-ին և 5-ին Ֆլորիդայում կայացած բանակցությունները չեն կարողացել էական առաջընթաց գրանցել խաղաղության գործընթացում: Բանակցությունները, ինչպես սպասվում էր, կշարունակվեն դեկտեմբերի 6-ին: