Ալ-Շարաա. Սիրիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն չորս տարի հետո

Սիրիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն չորս տարի անց՝ նոր սահմանադրության համաձայն։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան՝ ելույթ ունենալով Դոհայի ֆորումում։

«Մենք անցկացրինք համապարփակ ազգային երկխոսության համաժողով, որի արդյունքում ընդունվեց ժամանակավոր սահմանադրական հռչակագիր։

Այս հռչակագիրը նախագահին լիազորություն էր տալիս իշխանության գլուխ մնալ հինգ տարի, որի ընթացքում ընդունվելու էին բազմաթիվ օրենքներ և մշակվելու էր սահմանադրություն, որը դառնալու էր կառավարման համակարգի հիմնարար սկզբունքը։

Մենք անպայման ընտրություններ կանցկացնենք չորս տարի հետո»,-ասել է ալ-Շարաան՝ ընդգծելով, որ «այս գործընթացը պահանջում է ավելի շատ ժամանակ՝ անցումային շրջանի բնույթի և բարդության պատճառով»։

Նա նշել է, որ անցումային կառավարությունը կազմակերպել է խորհրդարանական ընտրություններ՝ «չնայած այն դժվարին հանգամանքներին, որոնցում հայտնվել է երկիրը»՝ ընդգծելով, որ այս գործընթացը տեղի է ունեցել «համապատասխանելով ստեղծված իրավիճակին»՝ լիարժեք ենթակառուցվածքների բացակայության պայմաններում։

Leave a Comment