Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է. Իշխան Սաղաթելյան

Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է, հայտարարել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ-ի 135-ամյակին միջոցառմանն իր ելույթի ժամանակ:

«Մենք շատ հստակ թե՛ դրսի, թե՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ դուք կարող եք հալածել Դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը», — ասել է Սաղաթելյանը։

Նա նշել է, որ Դաշնակցության առաջարկը հետևյալն է՝ կառուցել նոր որակի, ազգային պետություն, որը կլինի ուժեղ և մրցունակ։

«Մենք ունենք առաքելություն՝ ուժերը միավորելու, հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու: Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։ Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։ Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։ Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը:

Մեր առաջարկած այլընտրանքը հստակ է՝ ազգ, որը չի՛ ընդունում պարտությունը որպես դատավճիռ, պետություն, որը չի՛ զիջում իր կենսական շահերը», — նշել է Սաղաթելյանն իր ելույթում։

Leave a Comment