«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը իր սեփական միջոցներից, 2016-2025թ. հունվարի 1-ի տվյալներով, աշխատակիցների աշխատավարձի ֆոնդին ավելացրել է 11,2 մլրդ դրամ, հայտնել է ՀԷՑ-ի վերահսկողական կոմիտեն:
Ի պատասխան լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակման՝ ընկերության վերահսկողական կոմիտեն մանրամասնել է, որ ի սկզբանե դրված է եղել շատ լուրջ հարց, թե ինչպես իրականացնել խոշոր ծավալի ներդրում առանց սակագինը բարձրացնելու, ինչը հաջողությամբ իրականացվել է: Այդ տարիների ընթացքում, ինչպես նշվում է, կատարվել է ընդհանուր 272 միլիարդ դրամի ներդրումային աշխատանք:
«Ինչ վերաբերում է ներդրումներին, մինչև Տաշիր Ընկերությունների խմբի կողմից «ՀԷՑ» ՓԲ ընկերության ձեռք բերելը ընկերությունում էական ներդրումներ չեն իրականացվել, ինչի պատճառով 2016թ. Տաշիր Ընկերությունների խմբին է փոխանցվել բարոյապես մաշված և շահագործման ժամկետը մի քանի անգամ անցած (ինչը չի թույլատրվում տեխնիկական կանոնակարգերով) ենթակառուցվածք», – ասված է հայտարարության մեջ:
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։
Դեկտեմբերի 4-ին ՀԷՑ-ի վերահսկողական կոմիտեն հայտնել էր, որ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից կառավարման ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ակտիվներն աճել են մոտ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը՝ մոտ 105 մլրդ դրամով:
