
Վաղարշապատ համայնքի նորընտիր ավագանու օրենքի ուժով գումված նիստում այսօր կատարվել է համայնքային կառավարման կարևոր ու պարտադիր արարողակարգ՝ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակի Մեխակյանի երդման արարողությունը։
Վաղարշապատի համայնքապետարանից հայտնում են, որ նիստն անցկացվել է սահմանված ընթացակարգերի պահպանմամբ։ Երդում տալով՝ համայնքի ղեկավարը պաշտոնապես ստանձնել է իր լիազորությունները՝ ընդգծելով համայնքի զարգացման, կառավարման թափանցիկության և օրենքի գերակայության ապահովման սկզբունքներին իր հանձնառությունը։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իրեն վստահված մանդատի համար՝ հստակ նշելով, որ այդ վստահությունն իրեն պարտավորեցնում է առավել մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ իրականացնել համայնքի կառավարման գործընթացները։
Նա ընդգծել է, որ իր առաջնային նպատակն է ապահովել համայնքի զարգացման շարունակականությունը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ստեղծել առավել բարենպաստ միջավայր բոլոր բնակիչների համար։