6 դեկտեմբերի 2025 – 12:37 AMT
PanARMENIAN.Net – ՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հոգևորականները հանդես են եկել համատեղ ուղերձով՝ խորին մտահոգություն և վրդովմունքն հայտնելով Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին իրադարձությունների վերաբերյալ։
Նրանք նաև իրենց զորակցությունն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։
«Հայտարարություն, որն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի կենտրոնացված կրոնական կազմակերպության ներկայացուցիչների ընդհանուր ժողովի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին II-ին աջակցելու հարցի քննարկման արդյունքում։
Մենք՝ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի բոլոր հոգևորականներս, Թեմական խորհրդի անդամներս և խաչքավորներս միաձայն մեր խորին մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ:
Խստագույնս դատապարտում ենք իշխանությունների՝ Հայ Առաքելական եկեղեցու ներքին հարցերին ապօրինի միջամտություններն ու պառակտիչ գործողությունները, Ամենայն Հայոց կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների թիրախավորումը, ազատազրկումն ու նրանց նկատմամբ սանձազերծված վարկաբեկիչ արշավը, հոգևորակաների ու ազգային նվիրյալի հանդեպ բռնաճնշումները, եկեղեցիների բռնազավթումը, պատարագի սրբազան արարողության կամայական աղճատումները և մի շարք հակականոնական և մոլորեցնող երևույթներ:
Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, վերահաստատում ենք մեր հավատարմության ուխտը հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և աղոթակից ենք Հայ եկեղեցու ամբողջ հոգևոր ուխտապահ դասի հետ՝ համերաշխություն, խաղաղություն, միաբանություն և ամենայն բարիք մաղթելով ողջ հայ ժողովրդին՝ ի Հայրենիս և ի Սփյուռս աշխարհի:
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»,–ասվում է հայտարարության մեջ։