3 հայ բռնցքամարտիկ հաղթահարել է ԱԱ մեկնարկային փուլի արգելքը

3 հայ բռնցքամարտիկ հաղթահարել է ԱԱ մեկնարկային փուլի արգելքը

6 դեկտեմբերի 2025 – 12:51 AMT

PanARMENIAN.Net – Դուբայում մեկնարկած աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող էր Հայաստանի հավաքականի համար։ Եվս 3 հայ բռնցքամարտիկ հաղթահարել է մեկնարկային փուլի արգելքը։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (67 կգ) ժամանակից շուտ հաղթել է Քենիայի ներկայացուցիչ Վիսման Միվատեին։ Բաչկովի մրցակիցը մի քանի անգամ հայտնվել է նոկդաունի վիճակում, ինչից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը, հայտնում է Factor.am-ը։

67 կգ քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արմեն Մաշակարյանն առաջ է անցել առանց մենամարտի, քանի որ մրցակիցը չի ներկայացել ռինգ։

Հաջող մեկնարկ է ունեցել նաև Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), ով առավելության է հասել Կամերունը ներկայացնող Նգոնա Բրանդոնեի նկատմամբ։

Նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, հաղթանակով հանդես էին եկել նաև Արարատ Հարությունյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)՝ ապահովելով իրենց տեղը հաջորդ փուլում։

Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացված է 14 բռնցքամարտիկով։ Մրցաշարը կտևի մինչև դեկտեմբերի 13-ը։

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում է 108 երկրի 428 մարզիկ՝ 13 քաշային կարգերում։ Մրցանակային ֆոնդը կազմում է ռեկորդային 8 միլիոն դոլար։ Աշխարհի չեմպիոնները կստանան 300 հազար դոլար, երկրորդ տեղը զբաղեցնողները՝ 150 հազար, բրոնզե մեդալակիրները՝ 75 հազար, իսկ հինգերորդ հորիզոնականը գրավողները՝ 10 հազար դոլար։

Leave a Comment