6 դեկտեմբերի 2025 – 11:19 AMT
PanARMENIAN.Net – Եվրամիության Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր դռներ է բացել տարածաշրջանի համար՝ հավելելով, որ երկու երկրների միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը հիմնարար նշանակություն ունի Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային ուղու՝ այսպես կոչված միջին միջանցքի զարգացման համար, հայտնում է Auroranews.am-ը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նույնպես նոր հնարավորություններ է բացում։ Դա մեծ հեռանկարներ է ստեղծում Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար, որը միացնում է Ասիան և Եվրոպան և դուրս գալիս դեպի Սև ծով»,- հայտարարել է Կոշտան։
Կոշտան նաև շեշտել է, որ Ղազախստանը ներկայում կարևոր դերակատարում ունի Եվրոպայի տնտեսական անվտանգության ապահովման գործում։ Ըստ նրա՝ Եվրամիությունը շարունակում է զգալի ներդրումներ իրականացնել ոչ միայն վերականգնվող էներգիայի ոլորտում, այլև ավանդական էներգիայի մատակարարման ուղիների բազմազանեցման նպատակով։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։