Մեծ համախմբում է լինելու եկեղեցու շուրջ. Փաշինյանը գուցե հանձնվի

Ինչպես ասում են՝ գրոհը հակագրոհ է առաջացնում։ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված կաթողիկոսափոխության արշավը պետք է հանգեցներ համախմբված դիմադրության։ Մեկ ամիս առաջ Փաշինյանը սկսեց կիրակի օրերն այցելել եկեղեցիներ՝ պատարագի։ Եվ նրա հետ միասին պատարագներին մասնակցում է ՔՊ-ական ակտիվը։ Մի քանի հարյուր մարդ էլ հավաքվում է եկեղեցու մոտ, մի քանի հազար ոստիկան էլ ապահովում է վարչապետի անվտանգությունը։ Արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե հասարակության մի մասն աջակցում է վարչապետին կաթողիկոսափոխության արշավում։ Տրամաբանական էր, որ Գարեգին Բ-ի աջակիցները կարող էին համախմբվել և նույնպիսի պատկեր ստեղծել, ցույց տալով, որ ժողովրդի մի մասն էլ սատարում է գործող կաթողիկոսին։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ, դեկտեմբերի 9-ին՝ Յղութիւն Սբ. Աստուածածնի յԱննայէ տոնի առիթով, երեկոյան ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար», – ասված է դեկտենբերի 5-ին Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի տարածած հայտարարության մեջ։

Ակնկալվում է, որ դեկտեմբերի 9-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում շատ մեծ բազմություն է հավաքվելու։ Նաև մեծ թվով ժողովուրդ է հավաքվելու եկեղեցու մոտ։ Ու այսկերպ կարծես՝ կհավասարվեն ուժերը։ Գուցե լավ կազմակերպելու պարագայում հաջողվի շատ մարդկանց համախմբել։ Եթե մինչ այս տպավորություն էր, թե ժողովրդի մի մասն աջակցում է Փաշինյանի կաթողիկոսափոխության արշավին, ապա դեկտեմբերի 9-ին կապացուցվի, որ ժողովրդի մի մասն էլ չի ողջունում իշխանությունների բռնաճնշումները հոգևորականների նկատմամբ, սատարում է Վեհափառին։

Այս համախմբումը կարևոր է նաև Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ։ Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում։ Այս ժողովում, ենթադրաբար, կարող են քննվել նաև կազմակերպչական հարցեր։ Մասնավորապես՝ եպիսկոպոսները միահամուռ կարող են աջակցություն հայտնել Գարեգին Բ-ին, պահանջել՝ ազատ արձակել կալանավորված հոգևորականներին և այլն։ Դեկտեմբերի 10-ին եպիսկոպոսաց ժողովի ժամանակ հանրությունը կարող է հավաքվել և ուղղակի աջակցել եպիսկոպոսների ընդունած հայտարարություններին ու որոշումներին։ Ավելին՝ Եպիսկոպոսաց ժողովն այդպիսով կարող է ցույց տալ, որ իրենց որոշումներն ու հայտարարությունները հանրային աջակցություն են վայելում, դրանք ներկայացնել նաև ժողովրդի անունից։

Հետևապես՝ կարևոր է դեկտեմբերի 9-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում պատարագը, որին ենթադրաբար կմասնակցեն մի քանի հազար մարդ։ Սա յուրատեսակ ստուգատես է լինելու Եպիսկոպոսաց ժողովից առաջ։ Եթե շատ մարդիկ հավաքվեն դեկտեմբերի 9-ին եկեղեցում ու նրա շուրջն, ապա կարելի է ակնկալել, որ դեկտեմբերի 10-ին Եպիսկոպոսաց ժողովը լիարժեք կսատարի Գարեգին Բ-ին։

Պարզ ասած՝ դիմակայությունը շարունակվում է։ Եվ այն կանխատեսումը, թե մինչև Նոր Տարի Գարեգին Բ-ն հրաժարական է տալու, դժվար թե իրականանա։ Ամենայնդեպս դեկտեմբերի 9-ի պատարագն ու Եպիսոկոպոսաց ժողովը այլ պատկեր են ցույց տալու։ Գարեգին Բ-ն այս օրերին կարող է ցույց տալ, որ մեծ ժողովրդականություն է վայելում։ Գուցե Վեհափառի նկատմամբ հանրային մեծ աջակցությունը տեսնելով՝ Փաշինյանն ընկրկի ու հրաժարվի Գարեգին Բ-ին գահընկեց անելու իր նպատակից։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment