Գյումրիում քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Գյումրիում քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրան ու քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաների ոստիկանները բերման էին ենթարկել՝ տեղափոխելով Շիրակի մարզի քննչական բաժին։

Ավետիս Առաքելյանին ազատ են արձակել, սակայն նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում են հարուցել՝ կապված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը Գյումրու Վարդանանց հրապարակում զանգվածային անկարգություններ կատարելու գործի հետ։

Քննչական կոմիտեն պարզաբանել էր, որ «Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է»։

Ձերբակալվածները Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանն ու քաղաքապետի պաշտոնակատարի օգնական Կարապետ Ղուկասյանն են։

Leave a Comment