ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ հակամարտությունների լուծումը փնտրում է կյանքեր փրկելու, այլ ոչ թե մրցանակների համար։
«Իրականում ես ուզում եմ կյանքեր փրկել։ Ինձ մրցանակներ պետք չեն։ Ես պետք է կյանքեր փրկեմ», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում՝ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանությունից առաջ։ Ամերիկացի առաջնորդը խոսում էր ՖԻՖԱ-ի խաղաղության մրցանակը ստանալու մասին։
«Ես միլիոնավոր կյանքեր եմ փրկել։ Ահա թե ինչի եմ ես իրականում ձգտում», – պնդել է Վաշինգտոնի ղեկավարը։
ՖԻՖԱ-ն Խաղաղության մրցանակը սահմանել է նոյեմբերի սկզբին։ Ֆեդերացիան հայտարարել է, որ մրցանակը կհանձնվի այն անձանց, ովքեր, ՖԻՖԱ-ի կարծիքով, օգնել են մարդկանց միավորել խաղաղության համար։