«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը
– Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում), դատարանն էլ այսօր բավարարեց Սրբազանին կալանավորելու միջնորդությունը: Սրբազանը կալանավորվեց երկու ամսով: Տիկի՛ն Սողոյան, ինչպիսի՞ն է ձեր իրավական գնահատականը այս քրգործի վերաբերյալ:
– Իրավական գնահատական տալու համար պետք է առնչություն ունենանք իրավական գործընթացի հետ, սա հերթական խայտառակ քաղաքական հետապնդումն է: Յոթ տարվա վաղեմության գործ՝ թմրանյութի իրացման հետ կապված, այդ յոթ տարում ենթադրյալ տուժողն ինչի՞ն կամ ո՞ւմ է սպասել, որ բողոք չի ներկայացրել: Ամեն անգամ ինչ-որ ցանկություն է առաջանում այդ նույն տիպի զրպարտությունով գնալ քննչական մարմին, ասել, դե խնդրում եմ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ էլ գործ հարուցեք, որովհետև տասը տարի առաջ ինձ թմրանյութ է տվել: Սա, իհարկե, խեղկատակություն է:
Բավական չէ, որ այս լացելու մեղադրանքը սարքել են, մի հատ էլ դրա համար կալանք են տալիս, աբսուրդ է: Խնդրում եմ, գնացեք տեսեք, թե Հայաստանում ընդհանրապես այս տեսակ գործերով ինչ-որ մեկը երկու ամսով կալանավորվո՞ւմ է: Ամեն անգամ թվում է, թե ողջամտության, մասնագիտական էթիկայի սահմաններում կարելի է նորմալ գնահատական հնչեցնել, բայց այս իրավական համակարգի պարագայում դա արդեն անհնար է: Իրավապահ համակարգն այսօր բարոյազուրկ վիճակում է ու ցույց է տալիս, որ ամեն ինչի պատրաստ է, հնարավորություն էլ չի թողնում, որ մասնագիտական դաշտում կարողանաս ադեկվատ գնահատական տալ:
– Ստացվում է, որ ըստ ձեզ՝ կոնկրետ գործն իրավաբանության հետ առնչություն չունի՞:
– Ընդհանրապես առնչություն չունի, նույնիսկ բարոյականության հետ առնչություն չունի այս գործը: Ես մի բան էլ ընդգծեմ, որ նմանատիպ դեպքերում շատ անհավասար պայմաններ են գործում. մի կողմի նկատմամբ որպես մահակ գործածվում է նախաքննական գաղտնիքը, փաստաբաններին ասում են, թե ոչ մի բան չասեք, քանի որ նախաքննական գաղտնիք է: Այս պայմաններում, ինչքան հնարավոր է, փաստաբանները, մի կողմից հասկանալով հանրության հետաքրքրությունը, մյուս կողմից՝ նախաքննական գաղտնիքով կաշկանդված լինելով, ինչ-որ կցկտուր տեղեկություններ են տալիս: Նույնիսկ դրանից հասկանում ենք, որ ուղղակի ցուցմունք չկա, ամեն ինչ ենթադրության հիման վրա է: Սա ուղղակի ցինիզմ է, գոնե մի քիչ հավատալու գործ մտածեին, բայց երբ ամենաթողության վիճակ է, ամեն ինչ էլ կարող են անել:
– ՀՀ դատական պրակտիկայում չի՞ եղել դեպք, երբ համանման արարքի համար խափանման միջոց ընտրելիս անձին երկու ամսով կալանավորեն:
– Վստահաբար չեմ կարող պնդել, ես գիտեմ բազմաթիվ գործեր, որ նմանատիպ պարագաներում որպես խափանման միջոց կիրառվում են՝ բացակայելու արգելք, վարչական հսկողություն: Եթե դա վերաբերում է թմրավաճառությանը՝ որպես բիզնեսի, կարող են ավելի ծանր խափանման միջոցներ կիրառել, բայց այս պարագայում դա լրիվ աբսուրդ է: Ինձ ծանոթ չեն նման տվյալներ, դուք կարող եք վիճակագրություն ուզել Բարձրագույն դատական խորհրդից, թե համանման պարագաներում՝ այդ թմրամիջոցի, այդ քանակության պարագայում քանի՞ հոգու նկատմամբ է կիրառվել կալանքը որպես խափանման միջոց: Իմ պրակտիկայում եղած օրինակների հիման վրա կարող եմ պնդել, որ նման դեպք ես չեմ հանդիպել, հերիք չէ, որ գործն է շինծու, մի հատ էլ դրա շրջանակներում կիրառված խափանման միջոցը խիստ խտրական ու անտրամաբանական է:
– Տիկի՛ն Սողոյան, դատական համակարգում նման պատկեր ունենալը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
– Այս պատկերը վկայում է, որ Հայաստանում սահմանադրական կարգի տապալում է այն իմաստով, որ իշխանությունների տարանջատում ու հակակշռում այլևս գոյություն չունեն: Կա նշանակված մեկ դահիճ՝ Մասիս Մելքոնյան անուն-ազգանունով, որին կարող ես ցանկացած մեղադրանք ներկայացնել՝ անկախ դրա աբսուրդի աստիճանից, ինքը պատրաստ է այդ մարդուն իր հիմնական սահմանադրական իրավունքից զրկել ու կալանավորել: Մասիս Մելքոնյանը ամենախայտառակ որոշումների անվերապահ կատարողն է:
Ես Հայաստանում այլևս չեմ տեսնում արդյունավետ պաշտպանության ներպետական միջոցներ, այս ամենաթողության դեմ պետք է պայքարել միջազգային կառույցների օգնությամբ, որովհետև այսպես անհնար է: Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ կարող ես Քրեական օրենսգրքի մասին մոռանալ, եթե քո քայլերը հաճելի են Նիկոլ Փաշինյանին, բայց եթե դու գործում ես օրենքով, սակայն քո գործունեությունն ազդում է Փաշինյանի տրամադրության վրա, պետք է պատրաստ լինես, որ Մասիս Մելքոնյանի ձեռքով ազատազրկվելու ես:
– Հաջորդ շաբաթ նախատեսված է Եպիսկոպոսաց ժողովը, կալանավորված սրբազանների մասնակցության հարցի իրավական լուծումը ո՞րն է:
– Եթե առանձին գործ վերցնենք՝ պայմանական «Հայաստանն ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու», եթե նման գործ լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այդտեղ ոչ միայն կվիճարկվի քաղաքական նպատակներով այս կառույցին ու նրա հոգևոր սպասավորներին վարկաբեկելու միտումը, նաև կարձանագրվեն այն հիմնական իրավունքների խախտումները, ինչպիսիք են՝ անձնական կյանքի իրավունքի խախտումը, կրոնն ազատորեն դավանելու իրավունքի խախտումը և այլն: Այս ամենը հստակորեն ապացուցվելու է, որքան էլ օրվա իշխանությունը դրանք հերքում է:
Ինչ վերաբերում է ձեր հարցին. մենք Բագրատ Սրբազանի համար ներկայացրել ենք խափանման միջոցի փոփոխության միջնորդություն, որովհետև այլ գործիքակազմ չունեինք, որով կկարողանայինք ապահովել մասնակցությունը: Հատուկ այս հարցի քննության համար առանձին նիստ ենք ունենալու, բայց մյուս սրբազանների պարագայում կդժվարանամ ասել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am