Տեղի ունեցավ «Սմբատ Սպարապետի կանոնագրքից մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը» թեմայով քննարկումը

Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «Հայ իրավագիտության պատմական կարևորագույն փուլերը. Սմբատ Սպարապետի կանոնագրքից մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը» խորագրով։ Միջոցառումը նվիրված էր հայոց պետականության և իրավական մտքի զարգացման հետ կապված նշանակալից տարեթվերին։

Քննարկմանը մասնակցել են 1-4-րդ կուրսերի իրավաբան-ուսանողներ, որոնք  հատուկ ուշադրություն դարձրեցին պատմական նյութի և իրավական վերլուծության համադրմանը: Կլոր սեղանը վարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, միջազգային փորձագետ, դասախոս Մարատ Լևոնի Ատովմյանը՝ ապահովելով դինամիկ և բովանդակալից քննարկում։

Ուսանողները ներկայացրին զեկույցներ հայ իրավական նորմերի զարգացման վերաբերյալ՝ միջնադարյան դատաստանագրքերից մինչև ժամանակակից սահմանադրական իրավունք։ Մասնակիցները վերլուծեցին Դավիթ Ալավկաորդու կանոնները, Մխիթար Գոշի և  Սմբատ Սպարապետի դատաստանագրքերը, Ներսես Շնորհալու Թուղթ ընդհանրականը, Շահամիր Շահամիրյանի Որոգայթ փառացը, հայկական իրավունքը Օսմանյան և Ռուսական կայսրություններում, համադրեցին հայ իրավական ավանդույթները եվրոպական և արևելյան իրավական ավանդույթների հետ, անդրադարձան Հայաստանի առաջին հանրապետության իրավական համակարգին, դիտարկեցին ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատման սկզբունքները, անդրադարձ կատարեցին հայ ազգային ինքնությանը և ազգային խորհրդանիշներին:   Հատկապես հետաքրքիր էր ավանդական իրավական նորմերի համեմատությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական սկզբունքների հետ, որը թույլ տվեց հետևել արժեքների շարունակականությանը՝ արդարադատության, հավասարության և անհատի նկատմամբ հարգանքի։

Կլոր սեղանը ընդգծեց իրավագիտության պատմության ուսումնասիրության կարևորությունը մասնագիտական ​​աճի համար։ Այն ընդլայնեց ուսանողների հորիզոնները, ամրապնդեց նրանց հարգանքը ազգային իրավական ժառանգության նկատմամբ և խրախուսեց նրանց ավելի խորը ուսումնասիրել հայկական իրավունքի աղբյուրները։

Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ ակադեմիական գործընթացում իրենց ներդրման և միջառարկայական մոտեցման զարգացման համար։

 

Leave a Comment