Պատկերացրեք Փաշինյանը 2018-ին հայտարարեր՝ այլևս չենք խոսելու Ցեղասպանության մասին

5 Դեկտեմբերի, 2025

Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2018 թվականի ապրիլ։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել Երևանի հրապարակ։ Բեմ է բարձրանում զինվորական համազգեստով՝ «Մոնթեի կերպարանքով», ձեռքը գիպսի մեջ և կարմիր հետքով մի մարդ՝ սուրբ նահատակի տպավորություն թողնելով։ Նա սկսում է խոսել։ Աշխատում են արևմտյան բոլոր խոշոր ալիքների տեսախցիկները։

— Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ։ Ես խոնարհվում եմ ձեր առաջ, Հայաստանի հպա՛րտ քաղաքացիներ։ Մենք ազդարարում ենք թավշյա հեղափոխության սկիզբը Հայաստանում։ Իմ ծրագիրը հետևյալն է․

Մենք հանձնելու ենք Արցախը և տեղահանելու ենք 120,000 հայի։ Նրանք օղակ են մեր վզին։

Մենք Ադրբեջանին ու Թուրքիային զիջելու ենք Մեղրիի միջանցքը։ Այնտեղ չեն լինելու մեր սահմանապահներն ու մաքսային հսկողությունը։

Մենք հանելու ենք Արարատ լեռը մեր պետական խորհրդանիշներից։ Մենք այլևս չենք խոսելու Ցեղասպանության մասին։

Մենք եկեղեցական պառակտում ենք մտցնելու և հիմնելու ենք մեր սեփական եկեղեցին։

Մենք կալանավորելու ենք բոլոր այն քահանաներին, գործարարներին ու ընդդիմադիրներին, ովքեր համաձայն չեն լինի մեզ հետ։ Մեր հատուկ ծառայությունները գետնին են տապալելու և նկուղներն են քարշ տալու բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել մեզ։

Մենք Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսին մեղադրելու ենք թմրանյութերի վաճառքի մեջ և պահանջելու ենք Կաթողիկոսի պաշտոնանկությունը։

Նա ավարտում է ելույթը։ Հրապարակում քրքիջ է տարածվում։ «Այ քեզ կատակասեր, լավ ծիծաղեցրեց», — մտածեցին մարդիկ՝ տներով ցրվելիս։

Բայց նա չէր կատակում։

Leave a Comment