Սա պատմական պահ է բոլորիս համար. «Նոայի» նախագահի ուղերձը «Լեգիայի» դեմ խաղից առաջ

Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ. մրցաշրջանի լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» տանը կընդունի Վարշավայի «Լեգիային»։

Այդ կապակցությամբ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը հանդես է եկել երկրպագուներին ուղղված հայտարարությամբ։

«Մեզ բախտ է ընձեռվել դառնալու հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը հնարավորություն կունենա, հաղթանակի դեպքում, դուրս գալ եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։ Սա արդյունքն է մեր 2,5 տարվա աշխատանքի, մեր հավատի։

Այդ օրը մենք դաշտ ենք դուրս գալու պատերազմի․ մենք պատրաստ ենք կռվել դաշտում՝ այդ ուշ ժամին տրիբունաներից մեզ երկրպագող, ինչպես նաև հեռուստացույցի էկրաններից մեզ հետևող հայ ժողովրդի համար և, վերջապես, եռագույնի համար։

Սա պատմական պահ է բոլորիս համար։ Մենք լցված ենք հավատով։ Մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը մեզ դեռ շատ հաղթական պահեր է պարգևելու, և բոլոր հաղթանակները միասին ենք կերտելու։ Առա՛ջ, «Նոա»։ Առա՛ջ, Հայաստան»,- Վարդգես Վարդանյանի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին:

Leave a Comment