«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն առաջիկա խաղերում չի կարողանա օգնել իր թիմին դեպրեսիայի պատճառով։ Այս մասին հայտնում է Transfermarkt պորտալը։
Ավելի վաղ իսպանական մամուլը տեղեկացրել էր, որ ուրուգվայցին դիմել է ակումբի ղեկավարությանը՝ հոգեբանորեն վերականգնվելու նպատակով լրացուցիչ արձակուրդ ստանալու խնդրանքով։
Կայքում ֆուտբոլիստի անհատական էջի «Վնասվածքներ» բաժնում որպես առաջիկա հանդիպումներին մասնակցելու անհնարինության պատճառ նշված է «դեպրեսիա» ախտորոշումը։ Կատալոնական ակումբի պաշտպանի վերականգնման ժամկետները չեն հստակեցվում։
Դեկտեմբերի 9-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի «Օլիմպիակոսի» դեմ հանդիպումը Արաուխոն բաց կթողնի որակազրկման պատճառով։ Հաղորդվում է, որ պաշտպանի մոտ հոգեբանական խնդիրները սկսվել են ՉԼ-ի շրջանակներում` «Չելսիի» դեմ կայացած խաղում հեռացվելուց հետո, որտեղ կատալոնացիները զիջել էին 0:3 հաշվով։