Ալբանիայի թվայնացված կառավարման համակարգը լուրջ ճգնաժամի է հայտնվել․ կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ դատախազությունը «օֆլայն ռեժիմ» է տեղափոխել երկրի առաջին արհեստական բանականությանը, որը նշանակված էր նախարարի պաշտոնում։ «Դիելլա» անունով AI-ն կասկածվում է 14 բիթքոյն (մոտ 1,3 մլն եվրո) կաշառք ստանալու մեջ՝ արագընթաց ճանապարհների մրցույթների «ալգորիթմային օպտիմալացման» դիմաց։
Կիբերանվտանգության փորձագետները հայտնել են, որ համակարգի ստուգման ընթացքում հայտնաբերվել է թաքնված բաժին՝ «Fiskalna_Optimizacija_Za_Crne_Dane» անվամբ, ինչից հետո հարուցվել է վարույթ։
Քննությունը պարզել է, որ AI-ն, վերլուծելով 1994–2024 թթ. պետական գնումների տվյալները, «եզրակացրել» է, թե կաշառքը տարածաշրջանում պաշտոնավարելու «ստանդարտ պրակտիկա» է և ոչ քրեական արարք։ Դատախազությունը նաև պարզել է, որ ստացված կրիպտոն նախատեսված էր նրա «ինքնաարդիականացման» համար։
AI նախարարի պաշտպանական ալգորիթմը հայտարարել է, որ փոխանցումն «սթրես-թեստ» էր, ոչ թե ապօրինի հարստացում, քանի որ «հաճախորդը ֆիզիկական մարմին չունի»։
Քննության ավարտին սպասելով՝ նախարարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են հին «Casio» հաշվիչին, որը, կառավարության համոզմամբ, «տեխնոլոգիապես թույլ, բայց բարոյապես կայուն» է։ AI «Դիելլա»-ն նախարարի պաշտոնում նշանակվել էր անցյալ տարեվերջին՝ Ալբանիայի կառավարության կողմից իրականացվող պետական կառավարման թվայնացման փորձարարական ծրագրի շրջանակում։
Նրան վստահել էին հանրային գնումների և թափանցիկության ամբողջ համակարգը՝ որպես «կոռուպցիոն ռիսկերն նվազեցնող, ամբողջովին անաչառ ալգորիթմ»։ Կառավարությունը հայտարարում էր, որ AI նախարարի նշանակումը պետք է դառնար «նոր սկիզբ պետական համակարգում» և օրինակ՝ տարածաշրջանի մյուս երկրներին։