Մոդին հայտարարել է, որ Պուտինի հետ պարբերաբար քննարկում է Ուկրաինան

Քաղաքականություն

05.12.2025 | 16:28

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է, որ Ուկրաինայի հարցը պարբերաբար քննարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ Դելին աջակցում է արագ խաղաղության հասնելու բոլոր ջանքերին, գրում է Ինտերֆաքսը։

Մոդին ընդգծել է, որ Հնդկաստանը հետևողականորեն աջակցում է «խաղաղության արագ հաստատմանը» և այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին:

«Մենք բոլորս պետք է միասին աշխատենք խաղաղության հասնելու համար: Ես լիովին վստահ եմ, որ աշխարհը կրկին կգնա այդ ճանապարհով»,- ասել է Մոդին:

Հնդկաստանի վարչապետը Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումն անվանել է նշանակալի իրադարձություն։ Նա նաև ընդգծել է, որ Պուտինը, որպես Ռուսաստանի նախագահ, առաջին անգամ Հնդկաստան է այցելել 25 տարի առաջ, որտեղ դրվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հիմքերը։

Պուտինը երկօրյա այցով Հնդկաստան է ժամանել դեկտեմբերի 4-ին։ Առաջին օրը Պուտինը և Մոդին ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել, իսկ այցի հիմնական մասը սկսվել է դեկտեմբերի 5-ին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այցի ընթացքում կստորագրվի «փաստաթղթերի կարևոր փաթեթ»։ Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Նյու Դելիի հետ կիսվել փոքր ատոմակայանների տեխնոլոգիաներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment