Մեզ պետք է իսկական չեմպիոն, որը մենամարտում է իրական հավակնորդների հետ. Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հերթական անգամ անդրադարձել է դիվիզիոնի չեմպիոն Իլիա Թոփուրիային և զուգահեռներ անցկացրել կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։

«Ճիշտ է, Իլիան դարձավ չեմպիոն, բայց ես կցանկանայի, որ Իսլամը մնար մեր դիվիզիոնում, քանի որ նա չի փախչում մրցակիցներից։ Իլիան հեշտ մարտեր է փնտրում, օրինակ՝ WWE-ի մարտիկ Փիմբլեթի հետ։ Այդ իսկ պատճառով կուզեի մեր քաշային կարգում որպես չեմպիոն տեսնել Իսլամին։ Մեզ պետք է իսկական չեմպիոն, որը մենամարտում է իրական հավակնորդների հետ», – Ծառուկյանի խոսքերն է մեջբերել UFC-ի մամուլի ծառայությունը։

Իսլամ Մախաչևն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել Ջեք Դելա Մադալենային։ Ռուսաստանցի մարտիկի հաշվին կա 28 հաղթանակ և 1 պարտություն։

Իլիա Տոպուրիան վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի հունիսին և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել Չարլզ Օլիվեյրային։ Նա ունի 17 հաղթանակ, պարտություն չունի։

Արման Ծառուկյանը նոյեմբերի 22-ին Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության է մատնել Դեն Հուկերին։ Հայ մարտիկն ունի 23 հաղթանակ և 3 պարտություն։

Leave a Comment