Ալիևը ՀՀ–ին մեղադրել է ադրբեջանցիներին «ավելի շոգ վայրերում բնակեցնելու» և «նրանց ժառանգությունը ոչնչացնելու» մեջ

Ալիևը ՀՀ–ին մեղադրել է ադրբեջանցիներին «ավելի շոգ վայրերում բնակեցնելու» և «նրանց ժառանգությունը ոչնչացնելու»  մեջ

5 դեկտեմբերի 2025 – 13:22 AMT

PanARMENIAN.Net – Արցախում էթնիկ զտում իրականացրած և ամեն հայկականը, այդ թվում Բաքվում և այլ քաղաքներում, ոչնչացնող Ադրբեջանի նախագահ  Իլհամ  Ալիևը մեղադրել է ՀՀ–ին «Արևմտյան Ադրբեջանում ադրբեջանցիների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության ոչնչացման մեջ»։ Նա այդ մասին ասել է Բաքվում անցնող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» համաժողովում։

Նա ասել է, թե «Հայաստանի տարածքում բնակված ադրբեջանցիների՝ լեռնային շրջաններից ավելի շոգ կլիմայով վայրեր տեղափոխելը, նրանց տարիներով ձեռք բերած ունեցվածքի զավթումը, նյութական մշակութային ժառանգության օրինակների խլումն ու ոչնչացումը՝ փաստագրված պատմական իրողություններ են», հայտնում է APA-ն։

Ալիևը հավելել է, որ «շատ կարևոր է միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատել հայերի կողմից ադրբեջանցիների դեմ գործած մարդկության դեմ հանցագործությունները և ստանալ միջազգային հանրության աջակցությունն այս հարցում», – ասվում է ուղերձում։

44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղում ոչնչցավում է ամեն հայկականը՝ հիմնահատակ ավերվում են ամբողջական գյուղեր, ինչպես, օրինակ, Քարին տակը, ամբողջ թաղամասեր, ինչպես Ստեփանակերտում՝ պետական կառույցներն ու բնակելի տներն իրենց գույքով, որոնց համար ոչ մի արցախցի փոխհատուցում չի ստացել։ Ավերվում են հայկական եկեղեցիներն ու վանքերը, ջնջվում են հայալեզու արձանագրությունները, իսկ այն դեպքերում, երբ դա չի հաջողվում, դրանք հռչակվում են աղվանական։

Նույնն ավելի վաղ տեղի է ունեցել Բաքվի և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքների հայկական ժառանգության դեպքում, որտեղից ջարդերի արդյունքում արտաքսվել է ամբողջ հայ բնակչությունը։ ։

Leave a Comment