Ալիևը կրկին մեղադրում է Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանում» ադրբեջանական ժառանգությունը ոչնչացնելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում, կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պնդելով, թե Հայաստանը պարբերաբար ոչնչացրել է «Արևմտյան Ադրբեջանում» ապրող ադրբեջանցիների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

Ալիևը նշել է, որ ադրբեջանական ժողովուրդը «վերջին երկու դարում բազմիցս ենթարկվել է զրկանքների, տեղահանությունների և ցեղասպանությունների», իսկ «հայերի վերաբնակեցումը Ադրբեջանի բնիկ տարածքներում» հանգեցրել է ադրբեջանցիների զանգվածային հեռացմանը։

Նրա խոսքով՝ «Հայաստանում ապրող ադրբեջանցիների բռնի տեղահանությունը, նրանց ունեցվածքի բռնազավթումն ու մշակութային արժեքների քանդումը» փաստագրված են «հավաստի փաստերով»։

Ալիևն իր ուղերձում պնդել է, որ Հայաստանը «պարբերաբար ոչնչացրել է Արևմտյան Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների սրբավայրերն ու գերեզմանատները՝ Ադրբեջանի հետքերը տարածաշրջանում ջնջելու նպատակով»։

Նա ընդգծել է միջազգային իրավական գնահատական տալու և Ադրբեջանի դիրքորոշմանը միջազգային հանրության աջակցություն ապահովելու անհրաժեշտությունը։

Leave a Comment