Սամվել Կարապետյանի՝ ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքը վարույթ է ընդունվել. Արամ Վարդևանյան

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանի՝ ապօրինի կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքները վարույթ են ընդունվել, տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

Փաստաբանի խոսքով՝ դատարանը բողոքների քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով, թեև միջնորդել էին իրականացնել բանավոր կարգով:

«Դատական ակտի կայացման օր է սահմանվել դեկտեմեբերի 11-ը: Ի դեպ՝ գրավոր դիրքորոշումներ, բացատրություններ ներկայացնելու օր է սահմանվել մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ»,- մանրամասնել է Վարդևանյանը:

Նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 10-ին աշխարհում նշվում է Մարդու իրավունքների օրը, որի խորհուրդը՝ 1948 թվականին նույն օրը ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումն է:

«Վստահ եմ՝ 1948 թվականին, երբ ընդունվում էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը ոչ մեկի մտքով չէր անցնելու, որ դրա 9-րդ հոդվածով սահմանված կամայական կալանքի արգելքը նման կերպ անտեսվելու է, հերքվելու է, նսեմացվելու է 2025 թվականին՝ Հայաստանում: Պարզապես Մայր Աթոռը պաշտպանող հայտարարությունը հանգեցրել է Կարապետյանի 5 ամսից ավելի տևող ապօրինի կալանքի, քաղաքական հետապնդման և փաստացի պատանդի կարգավիճակին:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- եզրափակել է Վարդևանյանը։ 

Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել էր բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:

Նոյեմբերի 28-ին Կարապետյանի փաստաբանական խումբը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով գործարարի կալանքը 2 ամսով երկարաձգելու որոշումը։ 

Կարդացեք նաև՝ 

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
«Իրավական ամենաթողություն է»․ Սամվել Կարապետյանի փաստաբանները կբողոքարկեն կալանքը երկարաձգելու որոշումը
«Լսել մարդկանց և կիսել գաղափարները»․ կայացավ Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը

Leave a Comment