5 դեկտեմբերի 2025 – 12:45 AMT
PanARMENIAN.Net – Արցախում էթնիկ զտում իրականացրած և ամեն հայկականը, այդ թվում Բաքվում և այլ քաղաքներում, ոչնչացնող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային գնահատական է պահանջել «հայերի կողմից ադրբեջանցիների բռնագաղթին» և կոչ արել «վերադարձնել ադրբեջանցիներին Հայաստան»։
Նա այդ մասին ասել է Բաքվում անցնող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» համաժողովում, գրում է Minval.az-ը։
Նա պահանջել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ‑ի համապատասխան մարմինները, գնահատեն «մարդկության դեմ այս հանցագործությունները, աջակցեն ադրբեջանցիների խաղաղ վերադարձին և նրանց մշակութային ժառանգության վերականգնմանը»։
Նա նշել է, որ վերադարձի իրավունքն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրում, տարբեր միջազգային փաստաթղթերում և կոնվենցիաներում և պետք է իրականացվի՝ ապահովելով «ոչ միայն ֆիզիկական վերադարձ, այլ նաև հոգևոր, մշակութային ու պատմական ինքնության վերականգնում»։
Ալիևը հավելել է, որ դա «ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է»։
Նա նաև խոսել է «ջարդերի ենթարկված», աքսորված մարդկանց միավորող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության կառուցողական, հավասարակշռված մոտեցմասն մասին։
Ալիևն ավելի վաղ հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ», և որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ քանի որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։