Նոյեմբերի վերջին օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանված թույլատրելի շեմը՝ 4 անգամ։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» ղեկավարի տեղակալ Գայանե Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ առաջիկայում այս պատկերը կպահպանվի, քանի որ հոսանքների տեղաշարժ չի ակնկալվում։
Մասնագետը նկատում է, որ հաճախ քաղաքացիների շրջանում խուճապային անհանգստությունը գալիս է նրանից, որ որոշ շրջանակներ օդի աղտոտվածության դիտարկում են իրականացնում ոչ պրոֆեսիոնալ սարքավորումների միջոցով, և այդ տվյալները հանրայնացվում են։
Օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է նպաստել որոշ հիվանդությունների զարգացմանը, նշում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը։



Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, խոսելով մայրաքաղաքի օդի որակի խնդիրներից, նշել է, որ շինհրապարակներում տեղադրված 175 սարքերի տվյալներով օդի որակը Երևանում վատթարանում է նոյեմբերի կեսերից մինչև մարտի երկրորդ կեսը։ Անդրադառնալով լուծումներին՝ Ավինյանը նշել է, որ քննարկումներ են տեղի ունենալու։
Քաղաքացիներն էլ են բարձրացնում իրենց դժգոհությունը։ Երևանում օրերս տեղի ունեցավ շնչառական սարքերով և դիմակներով երթ՝ օդի աղտոտվածության խնդիրը վերահաստատելու նպատակով։
«Մաքուր օդ» վանկարկումներով երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարան, որտեղ ներկայացրին իրենց մտահոգությունները մայրաքաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ։