Զախարովային մեկնաբանելու ցանկություն չունեմ, թող մեր ԱԳՆ՝ նրան համարժեք պաշտոնյաներն արձագանքեն․ Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի ցանկանում մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը, հրապարակելով ԵԱՀՄ Մինսկի խմբի աշխատանքային փաստաթղթերն ու ղեկավարների նամակագրությունը, էթիկայի նորմեր է խախտել։

«Մեկնաբանելու ցանկություն չունեմ, եթե մեր ԱԳՆ համապատասխան պաշտոնյաները՝ տիկին Զախարովային համարժեք, անհրաժեշտություն գտնեն արձագանքելու, կարձագանքեն, ես որպես ՀՀ ԱԺ պատգամավոր նման ցանկություն չունեմ։ Ձեր թվարկածները մեկնաբանություններ են, եթե դա ՌԴ պաշտոնական դիրքորոշումն է, ՀՀ-ն կայացնում է իր պետական շահերից բխող, հետաքրքրություններից բխող որոշումներ և առաջնորդվում է իր սուվերեն որոշումներով»,-ասել է պատգամավորը։

Խոսելով Վեհափառ հայրապետի պաշտոնանկության մասին՝ Հովհաննիսյանը նշել է, որ դա տեղի կունենա հնարավորինս առանց ցնցումների։ « Կարվի եղբայրության և համերաշխության մթնոլորտում՝ ինչպես տեղի է ունեցել թավշյա հեղափոխությունը, և հոգևոր իշխանությունը կվերադառնա ժողովրդին, ինչպես պետական իշխանությունն է վերադարձել»,-ասել է պատգամավորը։

Նա չի ցանկացել մեկնաբանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան Հայաստան։

«Ադրբեջանցի գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ ենք ամենատարբեր հարցերի վերաբերյալ։ Այս պահին օրակարգում փախստականների հարց չի քննարկվում»,-ասել է պատգամավորը։

Leave a Comment