«Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի եթերում այս անգամ զրույցը վերածվեց ոչ թե սովորական հարցազրույցի, այլ երկու տարբեր աշխարհների, երկու տարբեր իրականությունների բախման։ Երևանում անցկացված մշակութային համաժողովի շրջանակներում խոսափողի «մոտ էին» ռուսաստանյան պրագմատիզմն ու ֆրանսիական ռազմավարական «փափուկ ուժը»։ Թեման մեկն էր՝ մշակույթը որպես կապող օղակ, սակայն պարզվեց, որ այդ օղակը պահելու համար ժամանակն այլևս չի սպասում։
Մոսկվայի պրագմատիզմն ու տնկված հազար ծառերը
Մոսկվայի «Գավիթ» թատրոնի հիմնադիր Համլետ Ղալեչյանի խոսքը եթերում հնչեց որպես սթափեցնող ապտակ։ Նա Երևան էր եկել ակնկալիքներով, բայց հանդիպել էր մի իրականության, որն իրեն այնքան էլ դուր չէր եկել։ Համլետ Ղալեչյանը հոգնել է անվերջանալի քննարկումներից, որոնք տարիներ են տևում ու արդյունք չեն տալիս։ Նրա բանաձևը հստակ է՝ ժամանակներն այնպիսին չեն, որ հարցը տարիներով քննարկվի․ առավոտյան հարցը բարձրացրիր, երեկոյան լուծումը պետք է լինի։

Ռեժիսորը անկեղծացավ, որ կես օր է համաժողովին է, բայց այդպես էլ չի հասկանում՝ ինչու է ինքն այնտեղ, քանի որ կոնկրետ առաջարկներ այդպես էլ չեն հնչում։ Նրա համար հայրենասիրությունը վերացական կենացներ չեն, այլ շոշափելի, նյութական գործ։ Հետպատերազմական սինդրոմը հաղթահարելու համար նա ընտրել է ոչ թե ամբիոններից խոսելը, այլ հողի հետ աշխատելը։ Իր իսկ խոսքով՝ «անճարությունից» որոշել է հայրենիքում այգի տնկել և վերջին երեք տարում արդեն հազար ծառ է տնկել։ Սա մարդու պատմություն է, ով հինգ զավակ չունի հայրենիքին տալու, բայց ուզում է, որ իր միակ դստեր համար հայրենիքը գոնե այդ հատվածում կանաչ ու կենդանի լինի։

Համլետ Ղալեչյանը Մոսկվայից բերել էր նաև սփյուռքյան մշակութային գործունեության իր տեսլականը, որը խարսխված է նախևառաջ ինքնապահպանման վրա։ Նա պնդում է, որ մինչև օտարին մեր մշակույթով զարմացնելը, մենք պետք է ինքներս մեզ ճանաչենք։ Մոսկվայում անիմաստ է օտարին զարմանեցնել Շեքսպիրով կամ Չեխովով, փոխարենը պետք է հայ մանուկին ծանոթացնել Թումանյանին։ Նա նկատում է, որ ի տարբերություն Եվրոպայի, Ռուսաստանում հայերը չեն ապրում «էմիգրանտների գետտոներում»․ նրանք ազդեցիկ դիրքեր ունեն կինոյում, շինարարության և բիզնեսի մեջ, սակայն այդ հզոր ներուժը պահելու համար անհրաժեշտ է պահպանել էմոցիոնալ կապը հայրենիքի հետ։ Եթե թատրոնը կամ մշակույթը կտրեն այդ նյարդը, հայրենիքը կկորցնի այդ մարդկանց։
Փարիզի «փափուկ ուժը». հարստությունը ոչ թե ընդերքն է, այլ մարդիկ
Եթե Համլետ Ղալեչյանը պահանջում է արագ և շոշափելի լուծումներ, ապա Ֆրանսիայից ժամանած գրող և թարգմանիչ Կարեն Խուրշուդյանն առաջարկում է երկարաժամկետ, ռազմավարական «պատերազմ»՝ մշակութային ճակատում։ Նա Հայաստանը տեսնում է որպես պետություն, որի գլխավոր հարստությունը ոչ թե ընդերքն է, այլ մարդիկ։ Ըստ նրա՝ Հայաստանը չունի ոսկու հանքեր, բայց ունի այն, ինչ կերազեին ունենալ աշխարհի հզոր տերությունները՝ Սփյուռք։

Կարեն Խուրշուդյանի մոտեցումը հիմնված է «փափուկ ուժի» վրա։ Նա կոչ է անում դառնալ «Սպիտակ Վարդանանքի» զինվորներ՝ զենքի փոխարեն գրիչ վերցնելով։ Նրա կարծիքով՝ մեր մշակութային քաղաքականության Աքիլլեսյան գարշապարը հանրահռչակումն է։ Աշխարհը պետք է կարդա ոչ միայն մեր արդեն մահացած դասականներին, այլև այսօր ստեղծագործողներին, և չպետք է սպասել հոբելյանների, որպեսզի թարգմանվեն գրական գոհարները, ինչպես եղավ Իսահակյանի «Աբու Լալա Մահարի»-ի դեպքում։
Սակայն ֆրանսահայ գործիչը նաև մի ցավոտ ահազանգ հնչեցրեց։ Նա նշեց, որ Սփյուռքը մասամբ «կաթվածահար» վիճակում է ներքին քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Գրողը զգուշացրեց, որ որոշ շրջանակներ, ելնելով իշխանությունների հետ անհամաձայնությունից, ակամա պայքարում են հենց Հայաստանի Հանրապետության դեմ։ Նրա ուղերձը հստակ էր՝ տարանջատել իշխանությունը պետությունից և լծվել պետականաշինությանը, քանի որ նույնիսկ հայերեն չխոսող օտարազգի երաժիշտը, որը Ֆրանսիայում նվագում է Բաբաջանյան, արդեն դառնում է Հայաստանի դեսպան։
Հաղորդման ողջ ընթացքում թաքնված ինտրիգը երկու հյուրերի չարտահայտված, բայց օդում կախված անհանգստությունն էր։ Մեկը ասում է. «Ինձ ոչինչ մի տվեք, ես ինքս կտնկեմ իմ ծառը, բայց կոնկրետ առաջարկ արեք, մի՛ ձանձրացրեք ժողովներով»։ Մյուսն ահազանգում է, որ ունենալով հզոր զենք՝ Սփյուռքը, մենք այն ժանգոտել ենք տալիս ներքաղաքական վեճերի պատճառով։ Երկուսն էլ, ի վերջո, հանգում են նույն եզրակացությանը՝ ժամանակ չկա։ Կամ մենք մշակույթը դարձնում ենք ռազմավարական գործիք և պահում էմոցիոնալ կապը, կամ կորցնում ենք և՛ Սփյուռքը, և՛ ապագան։