
Վրաստանի Կոռնելի Կեկելիձեի անվան ձեռագրերի ազգային կենտրոնում տեղի է ունեցել «Հայկական ձեռագրերի ժառանգություն» վերնագրով գիրք-ալբոմի շնորհանդեսը և կենտրոնում պահվող միջնադարյան հայկական ձեռագրերի հազվագյուտ նմուշների ցուցահանդեսը, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։


Ձեռագրերի ազգային կենտրոնի արևելյան և հայկական ձեռագրերի բաժնի վարիչ և գրքի հեղինակ Դալի Չիտունաշվիլին, խոսելով կենտրոնում պահվող հայկական ձեռագրերի մասին, ասել է, որ հայկական ֆոնդը լիովին արտացոլում է դարերի ընթացքում հայկական ձեռագրական մշակույթի զարգացումը, իսկ գրքում ներառված նյութերը ընտրվել են հաշվի առնելով դրանց հատուկ գեղարվեստական արժեքը և բացառիկ ու պատմական նշանակությունը:
Գրքի շնորհանդեսին ներկա է եղել և ելույթով հանդես է եկել դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով Կեկելիձեի անվան ձեռագրերի կենտրոնի ղեկավարությանը և գիտաշխատողներին կատարած հսկայական աշխատանքի համար: