Եթե կայացած լիներ, Կաթողիկոսի անունը չէր խանգարի իրեն, կայանալու խնդիր ունի պարոն վարչապետը. Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– «Երբ ես նախատեսում եմ մասնակցել պատարագի, խնդրում ենք, որ այդ հանգամանքը հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է լինել ծանոթ, որը ԱԱԾ աշխատակից է, մյուս դեպքում՝ որևէ տեղ չաշխատող մարդ, կարող է լինել իմ օգնականը և այլն։ Դա կախված է նրանից, թե ովքեր ում են ճանաչում և ինչ անձնական կապեր ունեն։ Այստեղ ԱԱԾ-ն և այլ կառույցները ներգրավված են այնքանով, որքանով մարդիկ միմյանց ճանաչում են»։ Տիկի՛ն Ալեքսանյան, սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱԱԾ-ն ցուցումներ տալի՞ս է քահանաներին: Փաշինյանի այս պատասխանը կարո՞ղ ենք դիտարկել իբրև հաստատում, որ ԱԱԾ-ն միջամտություն է ցուցաբերում:

– Ես սա դիտում եմ որպես սպառնալիք եկեղեցականների նկատմամբ, որ իր ուզած ձևով անցնի պատարագը: Մեկը հարցնի՝ դու ո՞վ ես, հետո՞ ինչ, որ վարչապետ ես, կրա՞կն ենք ընկել քո ձեռքը, դու ի՞նչ իրավունք ունես պատարագի տեքստ փոխես, դու հասկանո՞ւմ ես՝ ինչ է պատարագը: Դարերով եկած պատարագը հիմա խմբագրում է, բոլոր նախադասությունները սկսվում են «ես»-ով, մեծամտության անհաղթահարելի սինդրոմ ունի, բայց դու ո՞վ ես, որ գնաս եկեղեցի ու պատարագի տեքստ փոխես, ո՞վ է թեզ թույլ տվել: 

Սա սարսափելի ու անբարո պահվածք է. ո՞նց կարելի է ներկա լինել Սուրբ պատարագի ու թույլ տալ, որ քեզ ծափահարեն, դու ի՞նչ ես հասկանում պատարագից, արդեն քանի պատարագ ես գնացել, բայց այդ պատարագները որևէ ազդեցություն, հետք թողե՞լ են քեզ վրա: Եթե կայացած լիներ, Կաթողիկոսի անունը չէր խանգարի իրեն, կայանալու խնդիր ունի պարոն վարչապետը: ԱԱԾ աշխատողներով իրեն շրջապատած մուտք է գործում եկեղեցի, սա ուժի ցուցադրություն եմ համարում, կամ որ ԱԱԾ աշխատակիցները գնան, հորդորեն քահանաներին:

– Իսկ սա օրինականությա՞ն սահմաններում է: 

– Իհարկե ոչ, մի տեղ, որտեղ կան ուժ և սպառնալիք, ինչպես է դա օրինական լինում: Իր ո՞ր արածն է օրինական, Եկեղեցու դեմ արշավը օրինակա՞ն է: Բացահայտորեն խախտում է Սահմանադրությունը, օրենքները: 

Օրենքով առաջ գնա, ո՞վ է քեզ խանգարում: Այս ամենն անհանդուրժելի է ինձ համար, պաշտոնեական դիրքի չարաշահում է, հասկանո՞ւմ եք: Քրեական գործեր պետք է հարուցել հնչեցրած վիրավորանքների, պատարագ մատուցելու կարգը խախտելու համար: 

Նա եկեղեցու ներսում թույլ է տալիս բռնություն, ԱԱԾ աշխատակիցները, մարդկանց բերանները փակած, դուրս են հանում: Նրա համար ավելի կարևոր է իր անձը, քան՝ Հայաստանի Հանրապետությունը: Ինձ համար անընդունելի է այս ամբողջ պահվածքը, խայտառակ պահվածք է՝ ԱԱԾ-ի միջամտությամբ: Տեսնում ենք, որ Ոստիկանությունը հետևից զորքով ման է գալիս, հիմա էլ ԱԱԾ-ին է մեջտեղ բերել, սա նաև սպառնալիք եմ համարում հենց այդ հոգևորականների նկատմամբ: 

Իրավապահ համակարգն օգտագործում է մարդկանց ճնշելու համար, համակարգը ծառայեցնում է միայն իր անձնական շահերին ու նպատակներին, միշտ էլ այդպես է եղել, բայց այս իշխանությունը լրիվ սահմաններն անցած է գործում: Կամ որ ասում է՝ Կաթողիկոսը ազգային անվտանգության համար սպառնալիք է, ես էլ իր մասով կարող եմ նույնը ասել: Եկեղեցին ունի իր կանոններն ու օրենքները, Եկեղեցին էլ կորոշի իր ներքին հարցերը, դու ո՞վ ես, մնում է հռչակի, որ Հիսուսն է, ինչպես ասում էր Լևոն Տեր-Պետրոսյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment