Գերմանական Der Spiegel-ը հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացի ղեկավարների վերջին հեռախոսազրույցում ասել է, որ «կան վտանգներ, թե Միացյալ Նահանգները կարող է դավաճանել Ուկրաինային տարածքային հարցերում՝ առանց հստակ անվտանգության երաշխիքների»։
Der Spiegel-ը հայտնում է, որ խմբագրությունը ստացել է զանգի ամփոփագիր՝ մասնակիցներին վերագրված խոսքերով։ Ըստ աղբյուրի՝ Մակրոնը քննարկումը ներկայացրել է որպես «լարված պահ», որը, նրա խոսքով, մեծ վտանգ է ստեղծում Վոլոդիմիր Զելենսկու համար։
Նույն զրույցում, ըստ աղբյուրի, Գերմանիայի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է «շատ զգույշ լինի»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև նշել է. «Նրանք խաղում են և՛ ձեր, և՛ մեր հետ», ինչն, ըստ Der Spiegel-ի, վերաբերում էր ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի Մոսկվա կատարած այցին։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբբը ևս մտահոգություն է հայտնել՝ ասելով․
«Չպետք է Ուկրաինան և Զելենսկին թողնել այս մարդկանց հետ մենակ»։
Ըստ հրապարակման՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն նույնպես համաձայնել է Ստուբբի գնահատականին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է «պաշտպանել Զելենսկուն»։