Գյումրու «Պրոգրես» համալսարանում սովորող Հնդկաստանի քաղաքացի ուսանողներին դիպլոմներ շնորհելու համար գումար պահանջելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
272-րդ հոդվածը վերաբերում է մասնավոր ոլորտում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք ստանալուն, որը տեղի է ունեցել անձի իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը ոտնահարելու սպառնալիքով: Այս հանցանքը պատժվում է 2-5 տարի ժամկետով ազատազրկմամբ:
277-րդ հոդվածը վերաբերում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Իսկ այս հանցանքը պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն՝ հավելելով, որ գործի նյութերը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
Ի պատասխան գործի ընթացքի ու քրեական հետապնդում հարուցելու մասին մեր հարցման, Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է «համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»։
ՀԿԿ-ն միաժամանակ հայտնել է, որ նախաքննության շրջանակում որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ Այլ մանրամասներ Կոմիտեն չի հայտնել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter