Համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող վերընտրվել որպես երկրի ղեկավար ու հավաքել 50+ ձայն, բացառվում է. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էթիկայի կանոնագիրք է մշակել ու ընդունել:

– Իրականում կարևոր էլ չէ, թե իրենք ինչ նպատակ են ունեցել, սա, իմ խորին համոզմամբ, հերթական պոպուլիստական քայլերից մեկն է, որովհետև ավելի պոպուլիստ իշխանություն մենք չենք ունեցել, սա հասարակությանը մոլորության մեջ պահելու երևի թե հերթական հնարքն է, որը ոչ մի կապ չունի իրականության հետ: 

Մարդիկ, որոնք ոչ մի արժեք չունեն, որոնք արժեքները չեն գնահատում, որոնք Սահմանադրության, օրենքների նկատմամբ խորապես անտարբեր են ու պետական կառույցներն օգտագործում են որպես անձնական շահերին, նպատակներին հասնելու գործիքներ, ընդհանրապես ոչ էթիկա ունեն, ոչ էլ պատկերացում էսթետիկայի մասին: Սա իրականում ոչ մի բանի մասին է: Ձևական ինչ-որ մի փաստաթուղթ է, երևի ինչ-որ տեղից հուշել են, որ նմանատիպ թուղթ պակաս է ձեզ մոտ, եկեք դա էլ ունեցեք: 

Այդ թուղթը նշանակություն ու իմաստ կունենար, եթե այդ խմբում հավաքված մարդիկ իսկապես արժեհամակարգի կրող լինեին: Այն վարքագիծը, որ իրենք դրսևորել են, այդ թվում՝ իրենց թիմակիցների նկատմամբ, որի վառ օրինակը Հովիկ Աղազարյանի դեպքն է, դրանից հետո ուզում եք էթիկայի կանոններ գրեք, ուզում եք՝ էսթետիկայի, ոչինչ չի փոխվելու:

– Իսկ բացառո՞ւմ եք, որ որոշել են իսկապես այլ վարք դրսևորել:

– Մարդիկ, որոնք 50 տարեկանում նոր են հասկացել, որ կարելի է կրթվել, ու դա նորաձև է, մարդիկ, որոնք տարրական կուլտուրա չունեն, պատկերացում չունեն արժեքների մասին, շատ ուշ է էթիկայի կանոնների համար: Այդ ամենը մարդիկ ստանում են դեռ մանկուց՝ իրենց ընտանիքներից ու այդ կանոնները չեն խախտում, որովհետև արժեքները հիմնասյունային են: Հետևաբար դու չես կարող դրանք խախտել, քանի որ էթիկայի կանոնագիրք չի եղել, իսկ հիմա կա, դու այլևս չես խախտի: 

– Տիկի՛ն Կարապետյանց, փաստորեն լիահույս չեք, որ այս կանոնագրքից հետո էլ չեն լինի այն դրսևորումները, ինչ առկա էր մինչ այս:

– Չէ, որովհետև մինչ այս պահը մենք ունեցել ենք Սահմանադրություն, որի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է դրսևորվել, մենք ունեցել ենք Քրեական օրենսգրքով արգելված վարքագիծ, որը հետևողականորեն արհամարհվել ու ոտնձգությունների է ենթարկվել: Ունեցել ենք տարբեր կոնվենցիաներով ստանձնած բազմաթիվ միջազգային պարտավորություններ, որոնք հետևողականորեն արհամարհվել են և ոտնձգության ենթարկվել, այս մի կտոր թուղթը ի՞նչը պետք է փոխի: 

– Բայց իշխանությունը պնդում է, թե իրենք ամեն բան օրենքին ու Սահմանադրությանը համապատասխան են անում:

– Հին անեկդոտ կա՝ դու էլ ասա, վերջին շրջանում հաճախ եմ հիշում այս անեկդոտը, երբ նրանք խոսում են: Կապ չունի, թե ինչ ես դու ասում, շատ ավելի կարևոր է, թե ի՛նչ գործողություններ ես անում, ինչ վարքագիծ ես դրսևորում, ինչ խոսույթ ես օգտագործում: 

– Բայց Նիկոլ Փաշինյանն այդ ամենի լուծման բանալին էլ է տվել, ասում է, եթե մենք վատն ենք, ապա նոր հեղափոխություն արեք ու փոխեք իշխանությանը: Սխա՞լ է ասում: 

– Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման մասին շատ սխալ պատկերացում ունի, ամեն անգամ հարցերը չպետք է լուծվեն փողոց դուրս գալով, թեպետ ես համաձայն եմ, որ ժողովուրդն ապստամբելու իրավունք ունի, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի դեմ, որովհետև նա ու իր թիմակիցներն ակնհայտորեն հակապետական, հակահայկական գործունեություն են ծավալում: Դուրս կգան, թե չէ՝ ժողովրդի որոշումն է, հավանաբար ժողովուրդը դեռ չի գտել այն առաջնորդին, այն խմբերին, որոնց կվստահի։ Կգա ժամանակը, ու Նիկոլ Փաշինյանը ժողովրդի իմաստության ու ճիշտ որոշման արդյունքը կզգա սեփական մաշկի վրա: 

– Տիկի՛ն Կարապետյանց, իշխանությունը վստահ է, որ գալիք ընտրություններում ժողովուրդը հաղթելու է, այսինքն՝ ընտրելու է իրենց:

– Ես վստահ չեմ, որովհետև բոլոր տեսակի սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր հասարակությունը հավասարապես մերժում է թե՛ ներկաներին, թե՛ նախկիններին, տարբեր հարցումներով մարդկանց մինչև 80 տոկոսը մերժում է այս երկուսին հավասարապես: Այս տվյալները ունի նաև Նիկոլ Փաշինյանը, որը, ի դեպ, հանրային գումարներով պարբերաբար հարցումներ է իրականացնում, բայց քանի որ նա տիեզերական մասշտաբի մանիպուլյատոր է ու գիտի հանրային խոսքի ուժը, իհարկե օգտագործում է այդ հնարքները: 

Հասարակությունը հաստատապես սպասման վիճակի մեջ է, հատկապես որ առջևում ընտրություններ են, մեր հասարակությունը բավական ակտիվացել է, ու շարժը, որ կա մասնավորապես երիտասարդության շրջանում, շատ հուսադրող է: Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող վերընտրվել որպես երկրի ղեկավար ու հավաքել 50 + ձայն, բացառվում է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment