4 դեկտեմբերի 2025 – 18:51 AMT
PanARMENIAN.Net – ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունները ՀՀ վերաբերյալ համեմատել է «վամպիրների և մութ վհուկների» վարքի հետ։ Նրա խոսքով՝ Բրյուսելի իրական նպատակը հայ-ռուսական հարաբերություններին վնասելն է։
«Երբ այդպիսի վամպիրները՝ բրյուսելյան վամպիրները, մոտենում են նորմալ մարդկանց ու ասում՝ «ուզում ե՞ք, ձեզ խայթենք և դուք դառնաք մեզ նման. հայելիում չեք արտացոլվի, կվախենաք արևի լույսից, ձեզ պետք չի լինի էներգիա, էներգետիկա: Դա նույնն է», — նշել է Զախարովան իր ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Նշվում է, որ նա այդպես է արձագանքել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի կոչերին՝ ուղղված Հայաստանին՝ «միանալու հակառուսական պատժամիջոցներին»։
«Նրանք նաև հայտարարել են միջոցների տրամադրման մասին՝ «Ռուսաստանի տեղեկատվական միջամտության դեմ պայքարի» համար և Հայաստանի՝ Թուրքիայի էներգահամակարգին միանալու նպատակով, ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը նվազեցնելու համար»,–ասվում է հրապարակման մեջ։
Զախարովան ընդգծել է, որ այս հայտարարություններով եվրոպացի պաշտոնյաներն իրենք բացահայտեցին իրենց իրական մտադրությունները։
«Նրանց հայտարարությունները կրկին ապացուցում են, որ Բրյուսելի միակ նպատակը Երևանի հետ համագործակցության մեջ միայն այն է, որ վնասեն Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի հետ», — ասել է նա։
Նրա կարծիքով՝ ԵՄ ներկայացուցիչները նույնիսկ չեն էլ փորձում դա թաքցնել․ «Հնարավոր է՝ կցանկանային, բայց մտավոր ունակությունները չեն բավարարում»։
Զախարովան նշել է, որ «Եվրոպական միությունը բոլոր միջոցներով փորձում է վնաս հասցնել հայկական տնտեսության համար առանցքային ոլորտներում՝ այդ թվում՝ էներգետիկայում, հայ-ռուսական ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից գործընկերությանը»։
«Ի՞նչ վատ բան է տեսել հայ սպառողը ռուս-հայկական էներգետիկ համագործակցությունից։ Ոչինչ։ Հայաստանում կան ենթակառուցվածքային օբյեկտներ, կա փոխհարգալից երկխոսություն, կա փոխշահավետ համագործակցություն», — շեշտել է Զախարովան։
Նա հորդորել է Հայաստանի քաղաքացիներին ուշադրություն դարձնել «այն ամենին, ինչ արեցին այդ վամպիրները իրենց քաղաքացիների հետ», և հարցնել՝ «թվերը, թե որքան են այժմ վճարում շարքային քաղաքացիները Եվրոպական միության երկրներում այն բանից հետո, երբ այդ մութ փերիները կախարդեցին իրենց երկրների էներգետիկ համագործակցությունը ՌԴ հետ»։
«Նրանք օգտագործում են պատժամիջոցների մահակը՝ իրենց վերահսկողության տակ վերցնելու համար Ռուսաստան-Հայաստան առևտրային և ներդրումային համագործակցությունը։ Մենք սուվերեն պետությունների գործերին միջամտելու նման փորձերը համարում ենք բացարձակապես անթույլատրելի», — ընդգծել է Զախարովան։
Նա առանձնացրել է նաև Մոսկվայի մոտեցման էական տարբերությունը։
«Պահանջներ չներկայացնել, ոչ ոքի չստիպել ընկերություն անել ինչ–որ մեկի դեմ, չզբաղվել իրականությունից կտրված անիրագործելի աշխարհաքաղաքական նախագծերով, այլ զարգացնել հավասար համագործակցություն, գտնել համատեղ շահավետ նախաձեռնությունների իրագործման կետեր, այդ թվում՝ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»։
Դեկտեմբերի 2–ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։