Դաշնամուրի նախկին գործարանի փլուզման պատճառով բեռնատարների մուտքը որոշ ուղղություններով սահմանափակվել է․ ՀՀ ՆԳՆ

Շիրակի 1/68 շենքում (չգործող դաշնամուրի նախկին գործարան-խմբ․) տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու և հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը որոշ ուղղություններով ժամանակավորապես արգելվում է, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ 

Ուղղությունները հետևյալն են՝ Շիրակ-Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ-Շարուրի փողոցների խաչմերուկ (այդ թվում նաև՝ հետադարձ ուղղությամբ)։ Շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից խուսափելու համար բեռնատարների վարորդներին գերատեսչությունը հորդորում է նախապես շրջանցել Շիրակի փողոցը նաև Շիրակ-Հյուսիս-հարավ ավտոմայրուղուց մուտք գործելիս, Արտաշիսյան-Բագրատունյաց փողոցների խաչմերուկից դեպի Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկ երթևեկելիս։

«Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն, պահպանել սահմանափակումները՝ ապահովելով տարածքի անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Եռահարկ շենքի մասնակի փլուզման և մեկ տուժածի մասին Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր դեկտեմբերի 1-ին։ Փրկարար ծառայությունից նշել էին գազի արտահոսքի մասին, որը դադարեցրել էին։ ԶԼՄ-ները, սակայն, գրել էին, որ փլուզումը գազի արտահոսքի հետևանք չէ, քանի որ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում: Դաշնամուրի նախկին գործարանի փլուզման դեպքի առնչությամբ քրվարույթ էր նախաձեռնվել։ 

Leave a Comment