«ԼԻԳԱ Ինշուրանսի» բաժնետոմսերն ավստրիական 2 ընկերություն է գնել

«ԼԻԳԱ Ինշուրանսի» բաժնետոմսերն ավստրիական 2 ընկերություն է գնել

4 դեկտեմբերի 2025 – 14:55 AMT

PanARMENIAN.Net«ԼԻԳԱ Ինշուրանս» ապահովագրական ընկերության 100 % բաժնետոմսերը ձեռք են բերել ավստրիական «Գրավե Գրուպ» (GRAWE Group) ընկերությունը և «Ցե-Կվադրատ» ներդրումային խումբը (C-Quadrat Investment Group)։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա գնահատմամբ, սա կարևոր և նշանակալի զարգացում է Հայաստանի ապահովագրական շուկայի համար, քանի որ առաջին անգամ ոլորտ մուտք է գործում միջազգային համբավ ունեցող ապահովագրական ընկերություն՝ «Գրավե Գրուպը», մինչդեռ «Ցե-Կվադրատն» արդեն վաղուց գործունեություն է ծավալում Հայաստանում որպես կենսաթոշակային ֆոնդի կառավարչական միավոր, գրում է Sputnik Արմենիան։

«Մեր գնահատմամբ այս ընկերությունները միասին բերելու են նոր մշակույթ, գիտելիք։ Երկար ժամանակ սպասել ենք այս օրվան ու երկար ջանք ենք ներդրել։ Սա շատ դրական նորություն է։ Այս ընկերությունները դեռ իրենց փաթեթը պետք է ներկայացնեն մեզ, ոլորտի ռեգուլյատորին հավանության արժանացնելու այն ու լիցենզիա տրամադրելու համար»,– հայտարարել է Գալստյանը։

ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ այս ընկերությունները մտադիր են մտնել կյանքի ապահովագրության ոլորտ։

«Կյանքի ապահովագրություն ասելով` մենք առաջին հերթին հասկանում ենք մահից ապահովագրում, սակայն դա այնքան կարևոր չէ, որքան այն, թե ներդրումային ֆոնդերից ստացվող գումարները ոնց են տիրապետելու, խելամիտ կառավարելու մարդիկ, երբ հասնեն կենսաթոշակային տարիքի»,– ընդգծել է նա։

Գալստյանի խոսքով, կյանքի ապահովագրությունը մոտ է ներդրումային գործունեությանը։

2026 թվականից Հայաստանում մեկնարկելու է առողջության պարտադիր ապահովագրության գործընթացը, որը նախատեսվում է ամբողջությամբ իրականացնել մինչև 2028 թվականը։

Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնել է, որ սկզբնական փուլում համակարգը կընդգրկի ամսական 200 հազար դրամ և ավելի վարձատրություն ստացող աշխատողներին։ Սահմանվել է 129 600 դրամ արժողությամբ ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ միջոցառումներ, վաղ հայտնաբերման և սքրինինգային ծառայություններ, բուժհաստատությունների ծրագրեր, դեղորայքի տրամադրում և շտապօգնություն։

Leave a Comment