Կառավարությունը գումար հատկացրեց պետական կառավարման համակարգի մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային ծրագրի համար: «Արմնպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվեց գործադիրի դեկտեմբերի 4-ի նիստում:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց՝ պիլոտային ծրագրի վերաբերյալ որոշումը կայացվել էր Կառավարության նախորդ նիստում, իսկ միջոցառումը բխում է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունից, որի նպատակն է բարձրացնել կառավարման մարմինների արդյունավետությունը և հանրային ծառայության մրցունակությունը։
«Մեր աշխատանքի մեջ կան բազմաթիվ թերություններ, բայց, երբ մենք այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ այդ թերությունների մի զգալի մասը կախված է նաև այն իրավիճակից, որ մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավման, պետական մարմիններում աշխատանքն առավել գրավիչ դարձնելու և աշխատանքի լրացուցիչ խթաններ և սոցիալական որոշակի երաշխիքներ ներդնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ, եթե նման որոշումներ չկայացվեն, երկրի զարգացման ճանապարհին առկա մի կարևոր խոչընդոտ չի վերացվի:
«Դա այն է, որ պետական մարմիններում աշխատանքը պետք է գնալով ավելի գրավիչ և մրցունակ լինի մասնավոր հատվածի հետ: Պետական աշխատանքի հարգը պետք է ավելանա շարունակաբար»,- նշեց Փաշինյանը:
Քննարկումը եզրափակելով՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, իսկ մարդը պետք է ուժեղացնի պետությանը: